Րոպեավճար կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է

«ԱրմենՏել»-ի բաժնետերերի խորհրդի` սեպտեմբերի 1-ից րոպեավճար կիրառելու մասին որոշումը մնում է ուժի մեջ եւ մինչեւ այդ ժամկետը հազիվ թե որեւէ բան փոխվի, - «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց «ԱրմենՏել»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը։ - «Որեւէ այլ մարմին իրավասու չէ փոխել «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի որոշումը, բացի վերջինից։ Իսկ մինչ այժմ որեւէ կողմի նախաձեռնությամբ «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու քայլ չի արվել»։

Յուրաքանչյուր րոպե հեռախոսային խոսակցության համար 4 դրամ րոպեավճարը կիրառվելու է թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ, որոնք կազմում են մայրաքաղաքի բաժանորդների շուրջ 60 տոկոսը։ Ոմանք սա անարդարություն են համարում, փաստարկելով, թե րոպեավճարի կիրառումը բաժանորդների միայն մի մասի նկատմամբ նրանց շահերի ոտնահարում է, քանզի չթվայնացված կայանների բաժանորդների համար րոպեավճար չի մտցվում։

«ԱրմենՏել»-ը չի ընդունում այս պնդումը, պատճառաբանելով, որ թվայնացված կայանների հեռախոսները ավելի լավ են աշխատում, իսկ որակյալ ծառայության դիմաց պետք է ավելի թանկ վճարել։

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրինությունը հայտարարել է, թե բնակչության համար որոշ բացառություն կարվի. ի տարբերություն ձեռնարկությունների եւ հաստատությունների, ֆիզիկական անձանցից, ամսական խոսակցությունների 120 րոպեի դիմաց րոպեավճար չի գանձվի։ Պահպանվելու է, սակայն, ամսական 900 դրամի բաժանորդային վճարը։ Այդ, այսպես կոչված, երկու ժամվա ձրի խոսակցության համար բաժանորդը գրեթե կրկնակի թանկ է վճարելու՝ շուրջ յոթ ու կես դրամ, այսինքն, նրան ավելի ձեռնտու կլիներ այդ երկու ժամվա համար վճարել ներդրվող 4 դրամ րոպեավճարով։

«Արմենթելի» գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը, սակայն, պնդում է, թե տուժում է ոչ թե բաժանորդը, այլ հեռախոսակապի ընկերությունը, քանզի արտոնագրով նախատեսված էր րոպեավճարը սկսել 8 դրամից։

«ԱրմենՏել»-ի ղեկավարության պնդմամբ, րոպեավճարի ներդրման բոլոր պայմանները կատարվել են: Ավելին, նույնիսկ գերակատարվել է ներդրումների ծրագիրը՝ 100-ի փոխարեն ներդնելով 127 միլիոն դոլար։ Կառավարությունում, մինչդեռ, պնդում են, որ «ԱրմենՏել»-ը չի կատարել պարտավորությունները՝ ներդրումներն ուռճացնելով դրանց հետ բոլորովին կապ չունեցող ընթացիկ ծախսերով։


Ատոմ Մարգարյան, Երեւան