Երեւանի էլցանցը սպառնում է հոսանքազրկել

Ազգային ժողովն իր ամառային արտահերթ նստաշրջանում ընդունեց բաշխիչ էլելտրացանցերի սեփականաշնորհման նոր օրենքը, եւ դրանք մասնավորեցվելու են այս տարվա աշնանը: Երեւանի էլցանցի իրացման հարցերով տնօրեն Արամ Անանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սեփականաշնորհման արդյունքում «խիստ կնվազեն գերնորմատիվային կորուստները»: Նրա կարծիքով, սեփականատերը նաեւ այլ կոշտ քայլեր կկատարի, որոնց անհրաժեշտությունն այսօր էլ կա, սակայն պետությունը բարոյապես իրեն թույլ չի տալիս դրանց դիմել: Օրինակ, ուռճացված աշխատակազմի կրճատումները:

Անդրադառնալով մոտ 250 միլիոն դոլարի պարտքեր կուտակած ոլորտում ստեղծված իրավիճակին, Արամ Անանյանն ասաց. - «Այս ամիս խնդիր ենք դրել, որ 2001 թվականին առաջացրած դեբիտորական պարտքերից գոնե պետք է 20-25 տոկոսը մարվի: Սա կարեւոր է: Ֆինանսական վիճակը մեր համակարգում բավականին ծանր է: Բոլորը տեղյակ են, որ եւ' Ատոմակայանը, եւ' արտադրող բոլոր ձեռնարկությունները խիստ կրախի առաջ են կանգնած: Չեն կարողանում վճարել աշխատավարձերը»:

Աշխատավարձերի ուշացումներն անցած ամիս խիստ դժգոհությունների առիթ էին դարձան ՀԱԷԿ-ի աշխատակիցների համար, որոնք սպառնացել էին անգամ գործադուլի դիմել: ՀՀ նախագահին առըթեր մարդու իրավունքների հանձնաժողովում խնդրի քննարկումից հետո ոլորտի ղեկավարների ու ատոմակայանի կոլեկտիվի միջեւ ձեռքբերված համաձայնության շնորհիվ հաջողվեց կանխել գործադուլը:

Արամ Անանյանի ներկայացրած տվյալներով, այս տարվա ընթացքում Երեւանի էլցանցը արձանագրել է մոտավորապես 700 մլն դրամի պարտքի կուտակում: Սա մեծ թիվ չէ, քանի որ նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում կուտակվել էր մեկ միլիարդից ավելի պարտք: Նրա խոսքերով, համակարգում ամենապարտաճանաչ վճարողը բնակչությունն է: Ձմռան ամիսներին վճարումները բնակչության կողմից կազմել է 85-87 տոկոս, իսկ ապրիլից սկսած դրանք հասնում են 98-100 տոկոսի:

Եթե 1997 թվականից ի վեր բնակչության կուտակած պարտքը Երեւանում հասնում է 5 մլրդ դրամի, ապա իրավաբանական անձանց պարտքը նույն ժամանակահատվածում կազմում է 10 մլրդ դրամ: Ուստի, եթե այսպես շարունակվի, ըստ Արամ Անանյանի, անհրաժեշտություն է ծագելու հոսանքազրկել բյուջետային հիմնարկները, հիվանդանոցներն ու այլ առողջապահական հաստատությունները, ոռոգման եւ խմելու ջրի համակարգը, էլեկտրատրանսպորտը, արդյունաբերական ձեռնարկությունները:

Համակարգում ստեղծված իրավիճակի պատճառը գերնորմատիվային կորուստներն են: Դրանք ձմռան ամիսներին նախատեսված 14 տոկոսի փոխարեն կազմել են 35 տոկոս: Արամ Անանյանի պնդմամբ, արվում է հնարավոր ամեն բան դրանք կրճատելու ուղղությամբ: Երեւանում մոտ 150 կարգազանց տեսուչներ ազատվել են աշխատանքից: Ամառվա ընթացքում կորուստները նվազել են մոտենալով 13 տոկոսի սահմանին, այս ամիս նախատեսվում է դրանց հասցնել ընդամենը 6-7 տոկոսի:


Շաքե Ավոյան, Երեւան