Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ ՀԺԿ-ի պառակտման հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը




«Կուսակցությունը գույք չի եւ չի կարելի ժառանգել», - այսօր առավոտյան «Վիասֆեր տեխնոպարկ» կենտրոնում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքն էր հայտնել լրագրողներին Հայաստանի ժողովրդական կուսակցությունում (ՀԺԿ) տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ:

Վերջին ժամանակներս իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Միասնություն» դաշինքին մաս կազմող կուսակցությունում տեղի ունեցած խմորուների արդյունքում, ՀԺԿ-ից հեռացել են 10 անդամ, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը:1999 թվականի հոկտեմբերի 27-ին Աժ դահլիճում սպանված Կարեն Դեմիրճյանի հիմնադրած կուսակցության նախագահն այսօր նրա որդին է՝ Ստեփան Դեմիրճյանը:

Այսօր իսկ հրավիրած ասուլիսում անդրադառնալով նախագահի խոսքերին, Ստեփան Դեմիրճյանն ասաց. - «Այդ հայտարարությունը ես համարում եմ անբարոյական: Կուսակցություն ես եկել եմ մեծագույն ողբերգությունից հետո: Եկել եմ խնդրանքով, ընդ որում, նաեւ այն մարդկանց խնդրանքով, ովքեր այսօր հեռացել են կուսակցությունից... Ես կուսակցությունում, շեշտում եմ, ընտրվել եմ: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը չի ընտրվել նախագահ, որին դարձրել են»:

«Երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում Կարեն Դեմիրճյանն էր ընտրվել հանրապետության նախագահ», - ասաց Ստեփան Դեմիրճյանը, նկատի ունենալով 1998 թվականի նախագահական ընտրությունը:

ՀԺԿ նախագահը բավականին համոզիչ եւ վստահ տոնով հայտարարեց նաեւ, որ կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները, եւ այն, որ վերջին մի քանի օրերի ընթացքում 10 պատգամավոր դուրս եկավ կուսակցության շարքերից բացառապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով է կատարվում: Նրա խոսքով, այդ ամենի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:

«Ես գիտեմ, թե առանձին պատգամավորների վրա ինչպիսի ճնշումներ են գործադրվել: Բնական է, որ ես չեմ տա այդ պատգամավորների անունները: Հասկանալի է, որ իրենք էլ չեն խոսի այդ մասին, բայց առանձին պատգամավորներ ինձ ասել են, թե ինչպիսի ճնշումներ են իրենց վրա գործադրվել, որպեսզի նրանք դուրս գան ՀԺԿ-ից», - ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Հայաստանի խորհրդարանը պրոֆեսիոնալ է, ինչը նշանակում է, որ պատգամավորն այլ գործով զբաղվելու իրավունք չունի: Սակայն գաղտնիք չէ, որ Ազգային ժողովի պատգամավորներից շատերն ընդհատակում, ոչ բացահայտ կերպով նաեւ բիզնեսով են զբաղվում, այդ թվում՝ ՀԺԿ-ի նախկին անդամներից ոմանք:

ՀԺԿ նախագահը հանրապետության նախագահին որոշ խորհուրդներ էլ տվեց: Մասնավորապես՝ «Կուսակցությունների գործունեության մեջ խառնվելու փոխարեն, թող մտածի իր կուսակցության մասին, այսինքն՝ ժողովրդի: Եթե մեր կուսակցությունից մի քանի հոգի են հեռացել, ապա իր կուսակցությունից արտահոսքը շատ ավելի մեծ է»: ՀԺԿ նախագահը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրաշավի՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսը:

Հանրապետության նախագահն առավոտյան մեկնաբանելով քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները ընդհանրապես, ասել էր, որ կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր. «Իսկապես աբսուրդային վիճակ է ստեղծվել, որը հաղթահարելը ուղղակի անհրաժեշտ է նաեւ պարզություն ունենալու համար քաղաքական դաշտում: Անեկտոդային իրավիճակներ էին ստեղծվում եւ' Ազգային ժողովում, եւ' տարբեր հարցերի վերաբերյալ քվեարկությունների արդյունքում: Լղոզ քաղաքական դաշտ չէր կարող շատ երկար գոյատեւել», - «Վիասֆեր տեխնոպարկ» կենտրոնում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, ընդհանրապես քաղաքական դաշտի վերադասավորումների, ավելի ճիշտ կլինի ասել՝ կուսակցությունների պառակտման մեղքը նախագահ Քոչարյանինն է: «Ընդհանուր քաղաքական դաշտի մասին եթե խոսենք, Ռոբերտ Քոչարյանի օրոք բացի պառակտումից ուրիշ որեւէ բան չկա այս դաշտում: Դա նրանից է, որ այդ մարդը հենարան չունի այս երկրում: Մնում է պառակտել, քայքայել...»:

Ինչ վերաբերում է ՀԺԿ-ից հեռացած պատգամավորներին, հատկապես նրանց, ովքեր պատգամավոր են դարձել կուսակցության ցուցակներով, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ժողովուրդը նրանց չէ, որ վստահության քվե է տվել, ուստի այս պահին բարոյական կլիներ, որ նրանք պարզապես վայր դնեին մանդատները: Կուսակցությունը Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է բացառապես Կարեն Դեմիրճյանի շնորհիվ»:

Ստեփան Դեմիրճյանը իշխանությունների հասցեին բացահայտ եւ կտրուկ քննադատությամբ առաջին անգամ հանդես էր եկել այս տավա հունիսին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ հայտարարված համաներումը տարածվեց նաեւ «Հոկտեմբերի 27» - ի գործով ամբաստանյալներից ոմանց վրա:


Կարինե Քալանթարյան, Երեւան