Մամուլի տեսություն

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում պնդում է, որ «եւ' Ռոբերտ Քոչարյանը, եւ' Վարդան Օսկանյանը տեղյակ են եղել հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի ձեւավորման մասին. «Եվ երկուսն էլ համաձայնություն են տվել՝ արտգործնախարարության աշխատակիցն էլ ներկա լինի հանդիպումներին, որպեսզի հնարավորություն ունենան հետեւել աշխատանքներին»: Ըստ պարոն Արզումանյանի, հանձնախմբի ձեւավորման հարցերն ամիսներ շարունակ քննարկվել են Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի հետ, եւ իրեն «առաջարկվել է մաս կազմել այդ հանձնախմբին արդեն այդ բոլոր համաձայնություններից հետո»:

«Հավանաբար, ստեղծված հիստերիկ մթնոլորտը, ներքաղաքական իրավիճակն էին պատճառը, որ թե' Քոչարյանը, թե' Օսկանյանը որոշեցին շատ չեզոք արտահայտություններով սահմանազատվել այս հանձնախմբից». - ենթադրում է նախկին արտգործնախարարը: Իրենց ուղղվող հիմնական մեղադրանքներից մեկի առնչությամբ էլ նա ասում է. «Մենք ոչ թե դավաճանում ենք Ցեղասպանության ճանաչման գործընթացին (ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ), այլ՝ ընդհակառա'կը, խուսափելով այդ հարցի մասին խոսելուց՝ մենք հստակ արտահայտում ենք մեր այն մոտեցումը, որ դա իրողություն է, պատմական փաստ եւ այս մասին քննարկումներն անիմաստ են: Մենք պետք է այլ բնագավառներում համագործակցության ձեւեր գտնենք, որից հետո հնարավոր կլինի պետությունների մակարդակով քննարկել այդ հարցը»:

«Երկիր» թերթում շարունակվում է հայ-թուրքական հաշտության հանձնախմբի ծնունդն ու գոյությունը դատապարտող արձագանքների շարքը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը իր բացասական վերաբերմունքի ներկայացումն ամփոփել է ձեւակերպմամբ, թե այս նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցմանը միտված ամերիկա-թուրքական քաղաքականություն է»: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն էլ ասում է. - «Հանձնաժողովի ոչ լիարժեքություն պատճառով երկխոսությունը չի կայանա: Բացակայությունը ավանդական ուժերի, կազմակերպությունների, որոնք հետապնդել են Հայ Դատը, որոնք համոզված են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի այդ երկիրը, նույնպես ցույց է տալիս ձեռնարկման անլիարժեքությունը... Եթե հանձնաժողովը ստեղծվել է երկխոսության նպատակով, ուրեմն անլիարժեք ու անվստահելի կազմ ունի: Եթե այլ նպատակներ է հետապնդում, թուրքերի մենախոսության համար հայերի հրաշալի կազմ է ընտրվել»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի մատուցմամբ, «ի տարբերություն Ադրբեջանի, որին չհաջողվեց ո'չ Արեւմուտքից եւ ո'չ էլ Ռուսաստանից «պոկել» հակամարտության կարգավորման իրեն շատ թե քիչ ձեռնտու որեւէ տարբերակ, Հայաստանը, հենվելով հետպատերազմական իրողությունների վրա, կարողացավ միջնորդներից ստանալ այն նվազագույնը, որ բավարար էր ադրբեջանական կողմի անվերապահ մերժումի համար: Նման պայմաններում կարգավորման հետաձգումը եւ հետպատերազմական իրողությունների վերանայումը դարձան Ադրբեջանի ղեկավարության վերջին փրկօղակները, որոնք, սակայն, առայժմ կարող են օգտագործվել միայն սեփական հանրապետության հասարակական կարծիքը հանգստացնելու նպատակով»: Ուրվագծելով Հայաստան - Ռուսաստան - Իրան առանցքի զարգացումը, մեկնաբանը շեշտում է. - «Տարածաշրջանում նկատվող վերջին տեղաշարժերը Հայաստանը դարձնում են ձեւավորվող նոր ռազմավարական առանցքի կարեւոր բաղկացուցիչ տարրը, որի հետեւանքով ոչ միայն մեծանում են ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա ներազդելու նրա հնարավորությունները, այլեւ ակնհայտ է դառնում հայ դիվանագիտության կողմից Ադրբեջանին այս դեպքում արդեն կրկնակի անգամ խաղից դուրս թողնելու փաստը»:

Ներքաղաքական կյանքում՝ խաղից դուրս մնալու կանխատեսումներ են պտտվում Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի շուրջ: «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակցի հարցին, սակայն՝ «Չե՞ք պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից», նա աներեր պատասխանել է. «Այդ պաշտոնն ինձ հեշտ չի տրվել. դրան ես հասել եմ, ինձ քվե են տվել», թող «հասկանան, որ եթե ես եկել եմ «Միասնություն» դաշինքի ցուցակով եւ մնում եմ դաշինքում, ուրեմն նման խնդիր չի կարող առաջանալ»: Արմեն Խաչատրյանի պահպանության դիրքերում է կանգնել եւ հանրապետական կուսակցության «Ժամանակ» թերթը, թյուրըմբռնում որակելով տեսակետը, թե վերջինիս «կուսակցությունից հեռացնելուց հետո առաջանում է ԱԺ նախագահի պաշտոնում մեկ այլ ՀԺԿ անդամի առաջադրելու խնդիրը՝ ստատուս-քվոն պահելու համար»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ այն կարծիքին է, թե Արմեն Խաչատրյանն ու Գագիկ Ասլանյանը ՀԺԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունների արդյունքում պետք է հրաժարվեն խորհրդարանում ունեցած իրենց պաշտոններից: Արդյո՞ք տեսանելի դարձող նոր ընդդիմադիր դաշինքը «նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու խնդիր է դրել: Կա փորձ, որ քաղաքական միավորումները, շատ ընդհանրություններ ունենալով, լիդերության հարցում պառակտվում են: Կարծիք էլ կա, թե Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը եւ Արտաշես Գեղամյանը չեմ կարողանա կիսել դաշինքի լիդերությունը»: «Հայկական ժամանակ»-ի այս հարցադրմանը պարոն Գեղամյանը արձագանքում է՝ «Մենք ոչ թե լիդերությունը պետք է կիսենք, այլ պատասխանատվությունը: Պետք է ելնել այն բանից, թե որ մեկս որտեղ կարող ենք ավելի օգտակար լինել, թե որ մեկս որ հարցում կարող ենք ամենամեծ դրական նպաստն ունենալ մեր երկրի, մեր ժողովրդի համար: Իսկ դա բացահայտ նշմարելի է դառնում»: Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումներն էլ, որոնք որոշակի կասկածներ են ծնել, Արտաշես Գեղամյանը հիմնավորում է այսպես. - «Եթե մի քաղաքական գործիչ իր հրապարակային ելույթներում ամենահիմնավոր քննադատության է ենթարկում Ռ.Քոչարյանի վարած քաղաքականությունը՝ բոլոր բնագավառներում, եւ փաստերով ասում է, որ այս վարչակարգը սպառել է իրեն ու պետք է հեռանա, ի՞նչ եք կարծում, անվտագության խորհրդի քարտուղարը ի պաշտոնե պե՞տք է հանդիպի այդ քաղաքական գործչի հետ: Կարծում եմ՝ անպայման»:

«Առավոտ»-ի թղթակիցն էլ իր՝ «Արդյո՞ք անընդհատ շրջանառվող ու չհերքվող լուրերը Գեղամյանի ու Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին զգուշացում չեն» հարցին Աշոտ Մանուչարյանից ստացել է հետեւյալ պատասխանը. «Ազգային համաձայնության ճակատը հույս ունի, որ հասուն քաղաքական գործիչների հետ գործ ունի, ովքեր կարողանում են հստակ հաշվարկել թե' երկրի առջեւ դրված խնդիրներն ու դրանց հեռանկարները, թե' իրենց կուսակցության կամ անձնական խնդիրներն ու դրանց հեռանկարները: Կարծում եմ, այդպիսի գործարքները գրեթե անհավանական են՝ զուտ հաշվարկային տեսանկյունից: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դա դեռեւս անբարո գործարքի ցուցանիշ չէ»:

«Գոլոս Արմենիի» թերթի վերլուծությամբ, «Աշոտ Մանուչարյանը հիմա, շատ թե քիչ միասնական ընդդիմություն հավաքելով, որակապես միանգամայն այլ իրավիճակում խաղարկում է 1996 թվականի հայտնի սցենարը, որն ի սկզբանե պարտվողական է: Իսկ դա վկայում է, որ նա նպատակ է դրել միայն ապակայունացնել իրավիճակը, եւ ոչ ավելին»:


Վաչե Սարգսյան