Համաշխարհային բանկի փորձագետը նախազգուշացնում է, որ Հայաստանի տնտեսությունը կարող է հայտնվել «լճացման ծուղակի» մեջ

«Այն աղբյուրները, որոնք սնում էին Հայաստանի տնտեսական աճը վերջին հինգվեց տարիներին, անսպառ չեն, ու կարող են շատ արագ ցամաքել», - ասում է Համաշխարհային բանկի` Հայաստանի գծով ավագ փորձագետ Լեւ Ֆրենկմանը: Ըստ նրա կազմած զեկույցի, տարեկան հինգից-վեց տոկոս տնտեսական աճը ձեռք է բերվել առավելապես արտաքին օգնությունների ու ֆինանսական օժանդակության հաշվին, ինչը հավերժ շարունակվել չի կարող:

Ընթացիկ շաբաթվա սկզբին Փարիզում կայացած Հայաստանի դոնոր երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կոնֆերանսը մեր պաշտոնյաները միանշանակորեն որակեցին որպես շոշափելի հաջողություն, շեշտելով, թե առաջիկա երեք տարիներին դոնոր հանրության կողմից մեր երկրին 620 միլիոն դոլարի տարաբնույթ օգնություն կհատկացվի։

Լեւ ֆրենկմանը երրորդ տարին է, ինչ զբաղվում է մեր երկրի տնտեսական հարցերով ու քաջատեղյակ է դրա հիմնախնդիրներին։ Նրա կողմից պատրաստված հաշվետվությունը` Հայաստանում տնտեսական աճի խոչընդոտների ու հեռանկարների վերաբերյալ, նույնպես ներկայացվել է Փարիզում, եւ մեր կառավարական շրջանակների կողմից գնահատվել որպես չափազանց հոռետեսական։

Իր ուսումնասիրություններով Լեւ Ֆրենկմանը զգուշացրել է կառավարությանը, որ եթե գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ արմատական քայլեր չարվեն, տնտեսությունը կարող է հայտնվել «լճացման ծուղակի» մեջ, որից դուրս գալը չափազանց դժվար կլինի։ Դրանով հանդերձ, իր զեկույցը Լեւ Ֆրենկմանը ամենեւին էլ հոռետեսական չի համարում:

«Ձեր տնտեսությունը տարեկան աճում է վեց տոկոսով` կատարյալ ամենաթողության պայմաններում։ Այդ դեպքում այն ինչքա՞ն կաճի, եթե գոնե մի փոքր ջանքեր գործադրվեն այդ ուղղությամբ: Պետությունն հսկայական ներուժ ունի , այն ուղղակի պետք է կարողանալ օգտագործել», - եզրակացնում է Լեւ ֆրենկմանը։

Տնտեսական աճի մեջ, ըստ Լեւ ֆրենկմանի, դրական դեր է խաղացել գյուղատնտեսության ոլորտի մասնավորեցումը։ Մյուս կողմից, արդյունաբերական ձեռնարկությունների զանգվածային մասնավորեցումը ցանկալի արդյունքներ չի տվել. մասնավոր սեկտորը որպես այդպիսին չի կայացել,- համոզված է Լեւ Ֆրենկմանը։

Զեկույցի համաձայն, Հայաստանում գրանցված ավելի քան 44 հազար մասնավոր ձեռնարկություններից գործում է լավագույն դեպքում 9 հազարը: Մինչդեռ, պաշտոնական տվյալներով, գործող ձեռնարկությունների թիվը երեք անգամ ավելի է։ Ֆրենկմանի գնահատումներով, Հայաստանում կենսունակ են ու ապագա ունեն միայն նոր պայմաններում ստեղծված փոքր ու միջին ձեռնարկությունները:

Պետական կառույցների հետ շփում ունեցող հայկական ընկերությունների հարցումներից պարզվել է, որ կաշառատվության հաճախականությունն ավելի մեծ է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարկերին, լիցենզավորմանը եւ դատարաններին։


Ատոմ Մարգարյան, Երեւան