Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունեց երեկ ուշ երեկոյան տարածաշրջանային հերթական այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովին, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահներ Քերի Քավանոյին եւ Ֆիլիպ դե Սյուրմենին: «Հանդիպման ժամանակ, որին մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլի եւ հնարավոր լուծումների հետ կապված հարցեր», - ասված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպումից հետո Քերի Քավանոն շատ կարճ ճեպազրույցում ասաց, որ միջնորդները հայտնել են նախագահներ Բուշի, Պուտինի եւ Շիրակի պատրաստակամությունը, վճռականությունը՝ շարունակելու հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքը:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նախագահը ընդունելի է համարում առաջարկված փոփոխությունները, Քերի Քավանոն դիվանագիտական պատասխան տվեց. «Սա լավ քննարկում էր, բայց այն նաեւ կրկին ցույց տվեց, թե ինչքան դժվար է հարցի լուծումը»:
«Ոչ: Մենք պահպանում ենք Փարիզում եւ Քի Ուեսթում համաձայնեցված սխեման», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը այսպես պատասխանեց հարցին, թե միջնորդները չե՞ն առաջարկում արդյոք դուրս գալ «փարիզյան սկզբունքների» շրջանակներից: Նա ավելացրեց, որ համանախագահները շարունակում են աշխատել դրա վրա, որոշակի փոփոխություններ են քննարկում, բայց սխեմայի շրջանակից դուրս չեն գալիս:
«Մենք ակնկալում ենք, որ խաղաղ գործընթացը կշարունակվի, մտադիր ենք պահպանել գործընթացի դինամիկան», - ասաց Տրուբնիկովը: Նա շեշտեց հրադադարի պահպանման անհրաժեշտությունը՝ որ «ոչ մի կողմից ռեւանշիստական կոչեր չհնչեն: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հաստատենք մեր նվիրվածությունը խաղաղ կարգավորմանը»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք միջնորդները հույս ունեն, որ կհաջողվի մինչեւ տարեվերջ կարգավորել հակամարտությունը, Վյաչեսլավ Տրուբնիկովն ասաց. «Մենք որեւէ ժամկետներ չենք դնում, բայց կարգավորման ժամկետները մոտեցնելու համար պատրաստ ենք անել առավելագույնը»: Նա նշեց նաեւ, որ դեռեւս վաղաժամ է ասել, թե երբ կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, ասելով, որ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընթացիկ այցի վերջում:
Հրադադարի պահպանման անհրաժեշտությանն անդրադարձավ նաեւ ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն. «Մենք շատ ենք ցավում ռազմաշունչ հայտարարությունների եւ պատերազմի վերսկսման խոսակցությունների կապակցությամբ եւ կարծում ենք, որ դա աղետալի հետեւանքներ կունենա բոլորի համար»: Ըստ Քավանոյի, միջազգային միջնորդները փորձում են հղկել Փարիզի եւ Քի Ուեսթի համաձայնությունները՝ հակամարտ կողմերի համար դրանք ավելի ընդունելի դարձնելու նպատակով:
Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպումներ են ունեցել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի, Աժ-ի խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ:
Միջազգային միջնորդներն ասօր Երեւանից մեկնեցին Ստեփանակերտ, ուր նախատեսված է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, արգործնախարար Նաիրա Մելքումյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հրաչ Մելքումյան, Երեւան