Դոնորները կքննարկեն Հայաստանին օժանդակելու հարցը

Հուլիսի 9-10ը Փարիզում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Արեւմուտքի դոնոր երկրներին եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացնելու է Հայաստանի կառավարության` վարկային ու գրանտային օժանդակության կարիք զգացող ծրագրերը։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ դոնորների առաջիկա հանդիպման ժամանակ Հայաստանի կառավարությունը ներկայացնելու է այսպես կոչված «Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը», որին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդները հավանություն են տվել այս տարվա մայիսին։

«Այդ եռամյա ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն հաջորդ տարվա գարնանը», - ասաց Օուեյզ Սաադաթը։ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը նախնական համաձայնություն է տվել այդ ծրագրի օժանդակության նպատակով շուրջ 93 միլիոն դոլարի հատկացում անել։ Խոսքն այժմ մյուս դոնորներինն է:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի կարծիքով, թեեւ տնտեսական աճը Հայաստանում այժմ նպաստավոր է, սակայն դրա հնարավորությունները մեծացնելու եւ այն որակապես փոխելու խնդիր կա, հատկապես՝ այդ աճի արդյունքները հասարակության ավելի լայն խավերին հասցնելու եւ երկրում գործազրկությունը կրճատելու առումով։

Փարիզյան համաժողովը Հայաստանի վարչապետի առաջին այցելությունն է լինելու Արեւմուտք։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի, առողջապահության նախարարներից բացի, պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը, Կենտրոնական բանկի նախագահը եւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը։


Ատոմ Մարգարյան, Երեւան