Մերժված օրինագծի համահեղինակը անհիմն է համարում ընդդիմադիրների փաստարկները

Երկու օր առաջ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ մերժված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, այսպես ասած, ընդդիմադիր թեւը հիմնական փաստարկը կենտրոնացրել էր այդ ոլորտը համակարգող խորհրդի իրավասությունների վրա ու դրանից դուրս որեւէ փաստարկ համարում էր երկրորդական։

Ըստ օրենքի հեղինակներից մեկի` Պետական կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանի, պետական քաղաքացիական ծառայության խորհուրդը սոսկ կազմակերպչական ու համակարգման ֆունկցիա պետք է կատարի։ Մինչդեռ կադրերի ընտրության եւ տեղաբաշխման հիմնական գործը պետք է կատարեն խորհրդին կից տարբեր մասնագիտական հանձնաժողովները, իսկ ընտրության հիմնական ձեւը պետք է դառնա բաց ու հրապարակային մրցույթը:

Օրինագծի համահեղինակը անհիմն է համարում նաեւ օրենքի նախագծին ընդդիմադիր թեւի այն փաստարկը, թե անթույլատրելի է պետական ծառայողներին զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

Խաչատուր Բեզիրջյանը գտնում է, որ անհրաժեշտ է սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով հետեւյալ պահանջը. քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող մարդկանց համար բացառել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Եթե, ասենք, որեւէ պետական ծառայող ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել որեւէ ընտրովի մարմնում, պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից։ Դա, իհարկե, չի վերաբերվում քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, ասենք՝ նախարարներին կամ փոխնախարարներին։

Պարոն Բեզիրջյանը համոզված է, որ պրոֆեսիոնալ պետական քաղաքացիական ծառայության ինստիտուտի կայացումը կարող է նաեւ նպաստել պրոֆեսիոնալ խորհրդարանի, եւ ընդհանրապես, պետական իշխանության բոլոր թեւերի ու քաղաքացիական հասարակության կայացմանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան