Բուշն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղը, իսկ Մինսկի Խմբի համանախագահները կհանդիպեն հաջորդ շաբաթ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Քի Վեստում հայտարարում են բանակցությունների հաջող ավարտի մասին:

Հունիսի 22-24-ը Մալթայում տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների արտահերթ հանդիպումը, որի նպատակն է լինելու հաղթահարել բանակցային գործընթացում ծագած բարդությունները: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Ինտերֆաքս լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մալթայում Ռուսաստանը ներկայացնելու է, ոչ թե Նիկոլայ Գրիբկովը, այլ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Ռուսական գործակալության հաղորդագրության համաձայն, Մալթայում եռանախագահները փորձելու են հարթել բանակցային գործընթացում առաջացած բարդությունները: Իսկ մինչ Մալթա մեկնելը Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցը քննարկել է իր ֆրանսիացի գործընկերների հետ: Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած այդ քննարկմանը ֆրանսիական կողմից մասնակցել է համանախագահ Ֆիլիպ Սյուրմենը, ինչպես նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպական բաժանմունքի տնօրեն Հյուգո Պերնեն:

Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի մասնակցությունը Մալթայի հանդիպմանը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է լրջորեն զբաղվել բանակցային գործընթացի առջեւ ծառացած խոչընդոտները վերացնելու հարցով: Ռուսաստան-Ֆրանսիա դիվանագիտական այս բավական բարձր մակարդակի քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ խաղաղության գործընթացը առաջ տանելու համար:

Մալթայի առաջիկա հանդիպման ընթացքում համանախագահները հավանաբար կհարթեն նաեւ միմյանց միջեւ ծագած տարաձայնությունները: Մինչեւ ժնեւյան բանակցությունների հետաձգումը, եռանախագահների գնահատականները բանակցային գործընթացում ստեղծված կացության վերաբերյալ հաճախ հակասական էին: Ակնհայտ հակասությունները ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Գրիբկովի եւ Քավանոյի գնահատականներում որոշ մեկնաբանների նույնիսկ հիմք տվեցին ենթադրելու, որ ժնեւյան հանդիպումը հետաձգվել է հատկապես Ռուսաստանի եւ Ամերիկայի հակասությունների, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ծագած անհամաձայնույթան պատճառով:

Սակայն, մինչեւ Մալթայի հանդիպման մասին այս տեղեկատվության հրապարակումը, որոշ հարթեցում համանախագահների տեսակետներում արդեն նկատելի էր: Մայիսի 28-ին ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմենը մեր ռադիոկայանին տրված հարցազրույցում հորդորել էր ժնեւյան հանդիպման հետաձգումը չհամարել վատ նախանշան: Ֆրանսիացի դիվանագետն ասաց, թե իրականում հետաձգումը ժամանակ տվեց հակամարտության կողմերին եւ միջնորդներին հղկել խաղաղության պայմանագրի նախագիծը:

Բաքվում եւ Երեւանում՝ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները եւս մի անգամ հավաստիացրին, որ կողմերը շարունակում են աշխատել: Հայաստանի արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ խաղաղության գործընթացը կենդանի է, իսկ նրա ադրբեջանցի գործընկերը հավաստիացրեց, որ կողմերն աշխատում են փոխզիջումների վրա, եւ որ երկու երկրների նախագահները այս հարցում շատ ավելի առաջ են իրենց ժողովուրդներից:

Իսկ խաղաղության գործընթացի ամենամեծ հավաստիացումը հնչեց անցած շաբաթ Վաշինգտոնում: Հունիսի 7-ին կայացած մամլո ասուլիսում նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիսա Ռայսը, մեկնաբանելով ԱՄՆ-Ռուսաստան Լյուբլյանայի գագաթնաժողովը, ասաց, թե Լեռնային Ղարաբաղը այն հարցերից մեկն է, որի շուրջ Ռուսաստանը համագործակցում է ԱՄն-ի հետ: Ռայսը հայտնեց լրագրողներին, որ Բուշն ու Պուտինը Լյուբլյանայում քննարկելու են Ղարաբաղյան հարցը:

Այսօր Լյուբլյանայում տեղի ունեցած ԱՄՆ - Ռուսաստան գագաթնաժողովի ավարտից հետո, նախագահ Բուշը հայտնեց լրագրողներին, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այն իրողությունը, որ երկու երկրների նախագահները իրենց առաջին հանդիպմանը քննարկում են Լեռնային Ղարաբաղը իբրեւ օրակարգի առանձին հարց, վկայում է, որ այս հակամարտության կարգավորումը կարեւոր տեղ է զբաղեցնում նրանց արտաքին քաղաքականության մեջ:

Տարաձայնություններ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան, սակայն դրանք հիմնարար չեն, հավաստիացրին երկու երկրների նախագահները: Իսկ այդ տարաձայնությունները գլխավորապես վերաբերում են ՆԱՏՕ-ի ընդարձակմանը, հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ԱՄՆ-ի ծրագրերին: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այս հարցը Ամերիկա-Ռուսաստան համագործակցության ոլորտում է, հավաստիացնում է Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության թիմի ղեկավարներից մեկը՝ Կոնդոլիսա Ռայսը:

Հրայր Թամրազյան՝ Պրահա