Լեռնային Ղարաբաղի կապի համակարգը չի մասնավորեցվելու, այլ տրվելու է վարձակալության

«Ի տարբերություն Հայաստանի հանրապետության, որտեղ հունական ՕԹԻ ընկերությանը մենաշնորհ իրավունք են տվել, մենք մեր կապի համակարգը տալիս ենք վարձակալության իրավունքով», - ասաց ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Առնոլդ Աբրահամյանը: - «Լիբանանյան Փի-Էմ-Էֆ ընկերությունը պետք է ներկայացնի իր բիզնես-ծրագրերը եւ, կախված այն բանից, թե որքան ներդրումներ են նրանք անելու եւ ինչ ժամկետներում, կորոշենք, թե ինչ ժամկետով տանք արտոնագիրը: Արտոնագիր ունանալու է նաեւ մեր Արցախկապը»:

Նախարարը պարզաբանեց նաեւ, որ «Հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքով որեւէ ընկերության համար բացառիկ արտոնություններ չեն նախատեսված: Կապի սակագների աճ տեսանելի ապագայում չի արձանագրվելու, իսկ սակագների ցանկացած փոփոխություն պիտի համաձայնեցվի ԼՂՀ կառավարության հետ:

Արցախի կապի համակարգը, որ չի նորացվել 1988 թվականից ի վեր, լուրջ ներդրումների կարիք ունի: Դրանց ծավալը հաշվվում է տասնյան միլինավոր դոլարներով, ինչն էլ ոլորտի պատասխանատուներին ստիպել է դիմել արտասահմանյան ընկերությանը: Լիբանանյան Փի-Էմ-Էֆ ընկերության հետ բանակցություններն արդեն ավարտին են մոտենում: Արցախի կապի համակարգի վերազինման համար անհրաժեշտ 25-30 միլիոն ԱՄՆ դոլարից լիբանանցի գործարարները պատրաստ են առաջին երկու տարվա ընթացքում ներդնել մոտ 10 միլիոնը:

Կապի համակարգի նորացումը, ըստ ԼՂՀ իշխանությունների, կնպաստի նաեւ հանրապետությունը ներդրումների համար գրավիչ դարձնելուն, քանի որ, բացի համապատասխան օրենսդրական դաշտից, հարկավոր է ունենալ նաեւ կենսունակ ու անխափան գործող ենթակառուցվածքներ:

Հրանտ Ալեքսանյան՝ Ստեփանակերտ