Պետական գույքի կառավարման նախարարին թույլ չեն տվել մտնել «Արարատ- ցեմենտ» գործարան

Պետական գույքի կառավարման նախարարության լրատվության պատասխանատու Մանուկ Տեր-Ստեփանյանը այսօր հաստատեց hայաստանյան մամուլում հրապարակված այն հաղորդագրությունը, ըստ որի, «Արարատ-ցեմենտ» գործարանի կոլեկտիվը երեկ գործարանի դռները փակել ու ներս չէր թողել պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին եւ նրան ուղեկցող, գործարանի պոտենցիալ գնորդ՝ շվեյցարական «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչներին: Մանուկ Տեր-Ստեփանյանն ասաց նաեւ, որ այսօր Դավիթ Վարդանյանին եւ «Արարատ-ցեմենտ»-ին ծանոթանալու ցանկություն հայտնած շվեյցարական ընկերության ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է մտնել գործարան:

Կառավարության 2000 թվականի որոշմամբ առանձնացված ռազմավարական նշանակություն ունեցող 14 ձեռնարկություններից 2-ի՝ «Մարս» եւ «Արարատ-ցեմենտ» գործարանների ակնկալվող սեփանակաշնորհումը, թերեւս, քաղաքական երանգներ կունենա:

«Արարատ-ցեմենտ»- ի տնօրենը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ Վազգեն Սարգսյանի եղբայրը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է, իսկ «Մարս» գործարանինը՝ նույն օրը սպանված Կարեն Դեմիրճյանի որդին, Հայաստանի ժողովրդական կուսակցության նորընտիր նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ինչպես Արամ Սարգսյանի, այնպես էլ Ստեփան Դեմիրճյանի հարաբերությունները իշխանությունների հետ ներկայումս բավական բարդ են, եթե ոչ լարված:

Երկու ձեռնարկությունների կոլեկտիվներն էլ հավակնություններ ունեն՝ կապված առաջիկա սեփականաշնորհման մրցույթի հետ: Հայտերի ամփոփման սահմանված ժամկետը հունիսի 15-ն է, սակայն, պետական գույքի կառավարման նախարարությունում ասացին, որ այն կարող է երկարաձգվել:


Անուշ Դաշտենց