Կարգալույծ արված արքեպիսկոպոս Տիրան Կյուրեղյանը չի ճանաչում Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումները

Այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Ամենայն հայոց հայրապետ արեգին Բ կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տիրան արք. Կյուրեղյանը կրկին հայտարարեց, որ իր գլխավորած Մոսկվայի ծխական խորհուրդների միավորումը, շարունակելով մաս կազմել Հայ առաքելական եկեղեցու, չի ճանաչում Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումներն ու կարգադրությունները:



Տիրան արք. Կյուրեղյան

Տիրան արք. Կյուրեղյանը չի համարում, որ իր ընդունած կեցվածքով ու որոշումներով պառակտում է Հայ առաքելական եկեղեցին: Նա ամբողջ պատասխանատվությունը դնում է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ նրա եղբոր՝ Նոր Նախիջեւանի եւ Ռոստովի թեմի առաջնորդ Էզրաս վարդապետ Ներսիսյանի վրա: «Հակադրության հիմքում ընկած են Մոսկվայում կառուցվող «Սուրբ խաչ» եկեղեցու շինարարության համար փոխանցվելիք գումարները տնօրինելու հավակնությունները», - ասաց Կյուրեղյանը:

Մեր ռադիոկայանին հայտնի է դարձել, որ մոսկվայաբնակ մի խումբ հայ գործիչներ մտադիր են քրեական գործ հարուցել կարգալուծված արքեպիսկոպոսի նկատմամբ. նրանց ունեցած տեղեկություններով, «Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցիների միավորում» անունը կրող կառույցի գրանցումը քաղաքի արդարադատության մարմիններում կեղծված է:

Արթուր Տերյան, Մոսկվա