Արմեն Քոլոյան, Պրահա
«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում հայաստանյան մի քանի ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու միջոցով շուրջ 100 մլն դոլարի պարտքի մարումը, ինչպես հայտնի է, հակասական գնահատականների է արժանացել Հայաստանում: Իսկ արդյո՞ք Մոսկվան կշարունակի կիրառել Հայաստանում փորձարկած այս բանաձեւը:Մեր ԱՊՀ-ական բախտակիցներ ղըրղզները, օրինակ, ուսումնասիրում են հայերի փորձը: Այդ մասին վերջերս ասել է Ղըրղզստանի վարչապետ Նիկոլայ Տանաեւը. - «Մենք Ռուսաստանի կառավարությանն առաջարկել ենք մի շարք ձեռարկություններ, որոնց բաժնետոմսերի մի մասը դեռ պետությանն է: Պատրաստ ենք դրանք փոխանցել՝ պարտքը մարելու համար: Հիմա Ռուսաստանի էկոնոմիկայի եւ զարգացման նախարարությունն ուսումնասիրում է փաստաթղթերը: Խոսքը ռազմա-արդյունաբերական համալիրի 4 ձեռնարկությունների մասին է, որոնցից մեկի հիմնական արտադրանքը՝ ավտոմատ ինքնաձիգների փամփուշտներ են»:
Բանաձեւին իր, այսպես ասած, օրհնությունն է տվել Համաշխարհային բանկը, որի փորձագետների համոզմամբ, այն նոր լիցք կհաղորդի պարապուրդի մատնված ձեռնարկություններին:
Բայց կան գործարքի արդյունավետությունը կասկածի տակ առնող մասնագետներ: Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի փորձագետ Վլադիմիր Սոկորը, օրինակ, ենթադրում է, որ Հայաստանը ռուսական կողմին փոխանցել է հին սովետական դարաշրջանի ձեռնարկություններ, որոնց ցածրորակ արտադրանքը մրցունակ չէ միջազգային շուկայում, հետեւաբար, Հայաստանի էկոնոմիկայի նշանակալից մաս կազմող այդ ձեռնարկությունները կհայտնվեն երկրորդ կարգի տնտեսական ասպարեզում:
Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Պետր Հավլիկի կարծիքով, գործարքի արդյունքում է'լ ավելի է ծանրանում տվյալ երկրի կախվածությունը Մոսկվայից: «Գաղտնիք չէ, որ Մոսկվան տնտեսական ուժն օգտագործում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների վրա ճնշում բանեցնելու համար», - ասել է Հավլիկը: - «Ռուսաստանը փորձում է «Գույք՝ պարտքի դիմաց» եղանակով աշխատել էներգակիրների հարցում կախվածության մեջ գտնվող Ուկրաինայում: Ազդեցության ամրապնդումը կարող է վտանգավոր աստիճանի հասնել»:
Իսկ թե որքանով պարտքի խնդիրը տնտեսականից կարող է վերաճել զուտ քաղաքականի՝ ցույց է տալիս գազի շուրջ սրված ռուս-բելառուսական վեճը: «Գազպրոմ»-ը կիսով չափ կրճատեց մատակարարումը՝ պնդելով, թե Բելառուսը գերազանցել է սպառման լիմիտը եւ չի մարել 200 միլիոն դոլարի հասնող պարտքը: Ալեքսանդր Լուկաշենկոն վրդովված հայտարարեց, թե Մոսկվան անընդունելի պահանջներ է ներկայացնում, ուժ է գործադրում՝ փորձելով տիրանալ Բելառուսի գազատարի օպերատոր «Բելտրանսգազին»: Ի վերջո, վարչապետ Գենադի Նովիցկին ներողություն խնդրեց իր նախագահի զայրացած ելույթի համար, ասաց, որ Մինսկն անպայման կմարի 82 միլիոն դոլարի հասնող այս տարվա պարտքը եւ կարտոնի "Բելտրանսգազի" սեփականաշնորհումը:
ԱՊՀ փոքր երկրները, երեւի, այլընտրանք չունեն: Ի տարբերություն նախկին սոցիալիստական երկրների, նրանք անհրաժեշտ չափով ներդրումներ չեն ստանում Արեւմուտքից: Հնարավոր ելքը՝ պարտքի ներումն է: Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը քննարկում են 7 առավել աղքատ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պարտքերը մասամբ ներելու տարբերակը: Սակայն, երբ ղըրղզները ռուսներին առաջարկեցին բանակցել 100 միլիոն դոլարի պարտքը հետաձգելու հարցի շուրջ, Մոսկվան մերժեց՝ պատճառաբանելով, թե Ղըրղզստանը վճարունակ է, քանի որ Արեւմուտքից զգալի օգնություն է ստացել հակաահաբեկչական պայքարին մասնակցելու համար:
Մինչդեռ, որոշ մեկնաբանների կարծիքով, «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը կարող է բեռ դառնալ ռուսական կողմի համար, չէ՞ որ հարկ է միջոցներ հայթայթել՝ ֆինանսավորելու այդ ձեռնարկությունները: Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Ալեքսեեւի կարծիքով, Մոսկվան, թերեւս, կգերադասեր մաշված ձեռնարկությունների փոխարեն պարտքը ետ ստանալ: «Դա կարող է նախադեպ դառնալ, այլ երկրներ կփորձեն պարտքի փոխարեն առաջարկել գործարքներ, որոնց կարիքը Ռուսաստանը, ըստ էության, չունի», - ավելացրել է նա:
Ինչեւէ, բանաձեւը շրջանառության մեջ է: ԱՊՀ-ում այս փորձը, հավանաբար, կշարունակվի: Թեկնածուներից մեկը ռուսական էներգակիրներ սպառող Մոլդովան է, որի պարտքը հասել է 800 միլիոն դոլարի: Ընդ որում, 600 միլիոնը՝ անջատողական Մերձդնեստրինն է, ուստի, չի բացառվում, որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը մի օր անուղղակի գործոն դառնա նաեւ ազգամիջյան վեճերի կարգավորման հարցում: