Պայթյուն է տեղի ունեցել Կրասնոդարի հայկական եկեղեցու բակում

Արթուր Տերյան, Մոսկվա
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Կրասնոդարում լույս տեսնող «Երկրամաս» հայկական թերթի խմբագիրը, նոյեմբերի լույս 8-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Կրասնոդարի հայկական եկեղեցու բակում: Ինչպես Կրասնոդարի երկրամասի, այնպես էլ Ռուսաստանի կենտրոնական լրատվամիջոցները պայթյունի մասին որեւէ տեղեկատվություն չեն հաղորդել:

«Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատմեց, որ «չճանաչված պայթուցիկ սարքը» պայթել է եկեղեցու մուտքի մոտ վաղ առավոտյան: Վնասվել են եկեղեցու դուռը, ջրատար խողովակը եւ հատակի սալաքարը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Թեեւ իրավապահ մարմիններին, ըստ Թավադյանի, անմիջապես հայտնել են կատարվածի մասին, նրանք դեպքի վայր են ժամանել միայն 6 ժամ հետո: Պայթյունի վայրը զննելուց, բեկորները հավաքելուց եւ պահակի հետ զրուցելուց հետո, նրանք հայտարարել են, թե տեղի է ունեցել վառոդով լի թղթե արկի՝ պետարդի պայթյուն՝ պահակի անզգույշ գործողությունների հետեւանքով: Այս ամենը նրանց հիմք է տվել միջադեպի առնչությամբ քրեական գործ չհարուցել:

Տիգրան Թավադյանը, սակայն, կարծում է, որ կատարվածը ահաբեկչական գործողություն էր, քանի որ իր հրավիրած մասնագետների վկայությամբ, պետարդի պայթյունը չէր կարող վնասել եկեղեցու մուտքի դուռն ու սալահատակը:

Նրա ենթադրությամբ, այդ գործողությունը կատարվել է հայերի մեջ խուճապ սերմանելու նպատակով, կամ էլ՝ դա ավելի լուրջ ահաբեկչական գործողության նախերգանք է: Թավադյանը չի բացառում, որ կատարվածը առնչություն ունի Կրասնոդարի երկրամասում շուտով կայանալիք օրենսդիր ժողովի ընտրություններին, որոնց մասնակցում են նաեւ հայազգի թեկնածուներ, որոնցի մի քանիսը ընտրություններում հաղթելու լուրջ նախադրյալներ ունեն:

Կրասնոդարի երկրամասում, պաշտոնական տվյալներով, ապրում է ավելի քան 250 հազար: Անցնող տարվա ընթացքում այստեղ եզակի չէին բռնարարքները հայազգիների նկատմամբ: Անցած ամիս, սակայն, Երեւանում Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը «Ազատություն» ռադիոկայանին ասել, թե երկրամասում հայերի դեմ ուղղված բռնարարքները ամբողջովին վերացված են: