Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլորից, ովքեր վիրավորվել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ներկայացված մի տեսարանից, որը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարը։
Միևնույն ժամանակ կազմակերպիչներն ընդգծել են, որ ներկայացումն ամենևին վիրավորական ենթատեքստ չուներ։
Դա Վինչիի հայտնի ստեղծագործությունը ներկայացման ժամանակ վերածվել էր մի տեսարանի, որտեղ ԼԳԲՏ համայքից դիջեյ և պրոդյուսեր Բարբարա Բուտչն էր իր կողքը հավաքել արտիստներին։
Այս տեսարանին հաջորդել է աշխարհի տարբեր կետերից հնչող պահպանողականների քննադատությունը։ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համաժողովը ափսոսանք է հայտնել, որ ծաղրի է ենթարկվել քրիստոնեությունը։
Արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիը բացատրել է, որ վիրավորելու միտում չի եղել, ցանկացել են հարգանքի տուրք մատուցել խնջույքներին և ֆրանսիական գաստրոնոմիային: