Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան նոր դեպք. սպանության համար կասկածվողը ձերբակալվել է

Լրացված

Այսօր հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղարը:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - փոխանցում է ռազմական գերատեսչությունը՝ վշտակցելով և զորակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն փոխանցվում:

Ժամեր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանությունը»: Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Զինծառայողի մահվան այս դեպքը հաջորդում է անցնող շաբաթվա ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի՝ զորամասերում և դիրքերում կատարած ստուգայցերին, որոնց առաջնահերթություններից էր, ինչպես պաշտոնական հաղորդագրություններում էր նշված, Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը:

Այս տարի Հայաստանի Զինված ուժերում երեք տասնյակից ավելի զինծառայող է մահացել, 14-ը ծառայության հետ կապված մահացու դեպքերն են։

Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո, Ռազմական ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Զաքարյանի փոխարեն նշանակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետի հանձնարարությամբ, ինչպես Պաշտպանության նախարարությունն է հաղորդել, «Ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ»:

XS
SM
MD
LG