Մատչելիության հղումներ

«Զգալի» ռիսկեր. Ռուսաստանն ընդլայնում է մետրոյում դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման աշխարհագրությունը


Ռուսաստանն սկսել է Մոսկվայից դուրս գտնվող վեց քաղաքներում ընդլայնել մետրոյի կայարաններում դեմքի ճանաչման իր վճարային համակարգը, ինչը, ինչպես զգուշացնում են իրավապաշտպանները, քաղաքացիական իրավունքների խախտման հնարավոր ռիսկեր է պարունակում։

Ըստ ռուսական լրատվամիջոցների և կառավարության հաղորդագրությունների՝ Կազանում, որը Վոլգա գետի ավազանում գտնվող Թաթարստանի վարչական կենտրոն է, ինչպես նաև Վոլգայի ավազանի մեկ այլ խոշոր քաղաք համարվող Նիժնի Նովգորոդի մետրոյի կայարաններից մեկում օգոստոսին սկսել են օգտագործել Face Pay կոչվող համակարգը։

Կենսաչափական վճարումների նախագծի իրականացմամբ զբաղվող Biometric Technologies Center (TsBT) պետական ընկերության ղեկավարը պնդում է, որ մինչև 2025-ը Ռուսաստանի մետրոյի ողջ համակարգը կօգտագործի այս տեխնոլոգիան:

«Յուրաքանչյուր մասնակցի համար գործընթացը բացարձակապես սահուն կլինի»,- Կազանում Face Pay-ի մեկնարկի առթիվ ասել է TsBT-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Պովոլոցկին, ում խոսքերն է մեջբերում Tatar-Inform.ru-ն: Ուղևորները «կարող են ճանապարհորդել մեր մեծ երկրի քաղաքներով՝ օգտագործելով այս ծառայությունը»։

Վկայակոչելով TsBT-ի փաստաթղթերը՝ «Կոմերսանտ» բիզնես օրաթերթը հունվարին հայտնել էր, որ Face Pay համակարգ 2024-ին կտեղադրեն նաև Եկատերինբուրգը և Սամարան, իսկ Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում համակարգը նախատեսվում է գործարկել մինչև 2025-ի վերջ:

Ռուս պաշտոնյաները պնդում են, որ Face Pay համակարգն առաջարկում է անգերազանցելի անվտանգություն և հարմարավետություն, քանի որ դրա աշխատանքը հիմնվում է միայն ուղևորի դեմքի վրա: Սակայն քննադատների համար ամբողջ խնդիրը հենց դա է:

Մոսկվայում, որտեղ 2021-ին Ռուսաստանում առաջին անգամ գործարկվել է Face Pay համակարգը, փողոցներում տեղադրված CCTV տեսախցիկներն օգտագործվել են ինչպես հակակառավարական ցույցերի ենթադրյալ մասնակիցներին, այնպես էլ իրադարձությունները լուսաբանող լրագրողներին ձերբակալելու համար:

Վկայակոչելով նման ձերբակալություններն ու կալանավորումները՝ փաստաբան Անդրեյ Ֆեդորկովը, որն աշխատում է քաղբանտարկյալների աջակցությամբ զբաղվող և ՌԴ-ում արգելված ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունում, մտավախություն ունի, որ այս պրակտիկան կարող է տարածվել Ռուսաստանի մետրոպոլիտենի վճարումների կենսաչափական համակարգի վրա: Նա նշել է, որ այդ ռիսկը «զգալի» է:

«Այս համակարգն արդեն ակտիվ է և գործում է։ Այն այդքան զանգվածային և համապարփակ չէ, որքան Չինաստանում, սակայն միտումը լիովին ակնհայտ է»,- ասել է Ֆեդորկովը․ - «Հետևաբար, այո՛, այս համակարգն այսօրվա Ռուսաստանում ևս մեկ հզոր գործիք կդառնա քաղաքացիներին հետևելու և վերահսկելու համար»։

Կազանի մետրոյից օգտվող քաղաքացիները տեղական «Վեչերնայա Կազան» լրատվականին ասել են, որ «հաճոյախոսություններ» են հայտնվում էկրանին, երբ Face Pay համակարգը սկանավորում է իրենց դեմքը և «նկատում [իրենց] ոճը, հագուստի ճաշակը, ժպիտը և այլ առանձնահատկություններ»:

Ըստ Կազանի մետրոպոլիտենի պաշտոնյաների՝ սեպտեմբերի 15-ից քաղաքացիները 15 ռուբլի (16 ցենտ) «քեշբեք» կստանան Face Pay-ով յուրաքանչյուր ուղևորության համար:

Պարզ չէ, թե Կազանում և Նիժնի Նովգորոդում քանի ուղևոր է ընտրել Face Pay համակարգը։

Բացի Ռուսաստանից՝ Չինաստանը, Ղազախստանը և Ճապոնիան նույնպես օգտագործում են դեմքի ճանաչման տեխնոլոգիա մետրոյի ուղեվարձը վճարելու համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ԺՀՄԻԳ) 2021-ին Idel.Realities-ի (Իդել-Ուրալի տարածաշրջանում «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի ծառայությունն է) հետ զրույցում շեշտել էր, որ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման համար կոնկրետ «պահանջներ և երաշխիքներ» պետք է լինեն:

ԺՀՄԻԳ-ի խոսնակ Լիզ Թրոսելը, նշելով, որ չի տիրապետում նման տեղեկության, հրաժարվել է մեկնաբանություն տալ Կազանի մետրոյում Face Pay-ի օգտագործման մասին, սակայն ասել է, որ ընդհանուր առմամբ, «կենսաչափական համակարգերը, ինչպիսիք են վճարային համակարգերը, բարձր ռիսկային տեխնոլոգիա են, որոնք մարդու իրավունքների, ներառյալ անձնական կյանքի գաղտնիության և արտահայտվելու ազատության իրավունքների խախտման մեծ ռիսկեր են պարունակում»։

Նույնիսկ, երբ կենսաչափական տվյալների օգտագործումը կամավոր է, նշել է նա էլփոստով ուղարկված պատասխանում, «կենսաչափական տվյալների զգայունությունն իրավական և տեխնիկական հատկապես ուժեղ պաշտպանություն է պահանջում»:

«Կենսաչափական տվյալներ հավաքելու, դրանք պահելու և օգտագործելու նպատակը, պահման տևողությունը և այն, թե ով ունի այդ տվյալներին հասանելիություն, պետք է խստորեն սահմանափակվեն»,- նշել է Թրոսելը:

Ֆիզիկական անձանց նույնականացման նպատակով կենսաչափական տվյալների օգտագործման մասին Ռուսաստանի 2022-ին ընդունված օրենքը պահանջում է, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը 10 օր հետո ավտոմատ կերպով ոչնչացնեն կենսաչափական տվյալները, եթե անձը, որին պատկանում են դրանք, չի բողոքել այդ տվյալների «ապօրինի մշակման» կամ նույնականացման նպատակով դրանք օգտագործելու ընթացքում գրանցված խոչընդոտի մասին։ Այն նաև արգելում է այդ տվյալների փոխանցումը երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, օրենքը սահմանում է, որ դրա դրույթները չեն տարածվում «հետաքննական, հակահետախուզական և հետախուզական» աշխատանքների կամ «պետական պաշտպանության, պետական անվտանգության և օրենքի կիրարկման ապահովման» և «արտաքին քաղաքականության իրականացման» վրա, ի թիվս այլ ոլորտների:

Առցանց քարտեզները ցույց են տալիս, որ TsBT-ն, որը 2022-ին հիմնադրել են թվային ծառայությունների հսկա «Ռոստելեկոմ»-ը և ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու Կենտրոնական բանկը, գտնվում է մոսկովյան մի շենքում, ուր տեղակայված է նաև «Ռոսոբորոնէքսպորտ» գործակալությունը, որը զբաղվում է Ռուսաստանի ռազմական արտահանմամբ և ՊՆ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության աշխատանքների համակարգմամբ։

TsBT-ն վերահսկում է United Biometric System-ը, որը հավաքում է ինչպես մետրոյում, այնպես էլ մասնավոր հատվածում արվող վճարումների մասին կենսաչափական տվյալները։

Հունիսի 27-ին Cipr․ru թվային տեխնոլոգիաների համաժողովի կայքին տված հարցազրույցում TsBT-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Պովոլոցկին պնդում է, որ տվյալների բազան անհատների «կենսաչափական նմուշներն» առանձին է պահում նրանց «անձնական տվյալներից»: Նա ասել է, որ տվյալների բազան չի պարունակում «անուններ և ազգանուններ, անհատ հարկատուների համարներ, հասցեներ և անձնական այլ տեղեկություններ»:

Նա հավելել է, որ դրսից հասանելիություն կարող են ունենալ միայն տվյալների բազայի «կենսաչափական վեկտորներին»՝ կոորդինատներին, որոնք նշում են դեմքի հիմնական հատկանիշների միջև հեռավորությունը։

Պովոլոցկին, կարծես, հրապարակավ չի անդրադարձել մտահոգություններին, որոնք առնչվում են այս տեխնոլոգիայի՝ քաղաքացիական իրավունքները խախտելու ռիսկերին։

Մետրոյում կենսաչափական համակարգի օգտագործումն ուղևորների համար պարտադիր չէ։ Այն ուղևորները, որոնք ցանկանում են վճարել դեմքի ճանաչման միջոցով, պետք է սելֆի լուսանկար վերբեռնեն Ռուսաստանի պետական ծառայությունների կայքի բջջային հավելված, այնուհետև իրենց օգտահաշիվը կցեն մեկ այլ հավելվածի՝ SBPay-ին, որով, ըստ TsBT ուղեցույցի, կատարվում են կենսաչափական վճարումները:

Անդրադառնալով կենսաչափական ծառայությունների ոլորտում Ռուսաստանի ընդհանուր ծրագրերին՝ Պովոլոցկին հունիսին հայտարարել է, թե ռուսները «միշտ ընտրություն կունենան՝ ծառայություններն ստանալ հին եղանակով, կամ օգտվել կենսաչափական տվյալներից»:

Հենց ընտրության այդ հնարավորությունն է պատճառը, որ անվտանգության փորձագետ, ռուս ընդդիմադիր առաջնորդ հանգուցյալ Ալեքսեյ Նավալնիի նախկին խորհրդական Պավել Լուզինը Face Pay-ի հետ կապված մտավախությունները չափազանցված է համարում:

Վճարային այսպիսի համակարգերը կարող են վերահսկել մարդկանց վարքագիծը պարզապես վախի պատճառով, որ նրանք վերահսկվում են, անկախ նրանից, թե նրանք իրականում վերահսկվում են թե ոչ, ասել է նա։

«Մարդիկ տեսնում են տեսախցիկները։ Նրանց ինչ-որ բան են ասում արհեստական ​բանականության մասին, և, հետևաբար, նրանք արդեն չափազանց մեծ զգուշություն են ցուցաբերում և գրաքննում են իրենք իրենց»,- ասել է Լուզինը, որն ԱՄՆ-ում գործող Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող է։

Նա Face Pay համակարգում արված ներդրումները, որոնք «Կոմերսանտ»-ի գնահատականներով միայն տեղադրման համար կազմում են ընդհանուր 260 մլն ռուբլի (2,9 մլն դոլար), «անիմաստ խաբեություն» է համարում, որոնք «ոչ մի գործնական արդյունք» չեն տալիս:

Այնուամենայնիվ, փաստաբան Անդրեյ Ֆեդորկովը պնդում է, որ ռիսկեր կան այն ռուսաստանցիների համար, որոնք նախընտրում են ճանապարհորդել Face Pay-ով:

Ըստ նրա՝ ռուսական անվտանգության ուժերը, «եթե հնարավորություն ունենան, ապա չեն հրաժարվի դեմքի ճանաչման տեսահսկման համակարգից, քանի որ նման տեխնոլոգիաները զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ հնարավորություն են տալիս բացահայտել նույնիսկ այն մասնակիցներին, որոնց հաջողվել է խուսափել բերման ենթարկվելուց»:

Անդրեյ Գրիգորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG