Մատչելիության հղումներ

Զելենսկու և Պուտինի հետ հանդիպումներից հետո Օրբանը նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը


 Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբան, արխիվ

«Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ», - նախազգուշացրել է Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբանը՝ ոչ հրապարակային նամակ հղելով ԵՄ ղեկավարությանը։

Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, ուր Օրբանն այցելել էր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո։

Փաստաթուղթը նախատեսված չէ լայն հանրության համար։ «Ազատությանն» այն հասնելի է դարձել եվրոպացի պաշտոնյայի շնորհիվ, ով ցանկացել է անանուն մնալ։ Նամակի իսկությունը հաստատել են ԵՄ ևս երկու պաշտոնյաներ։

Օրբանը նամակում գրել է, որ Ուկրաինա և Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ չի խոսել ԵՄ-ի անունից, այլ միայն ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։

Նա հպանցիկ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, սակայն մանրամասնորեն պատմել է Պուտինի տեսակետները։

Ըստ Օրբանի՝ ռուսական իշխանությունները վստահ են, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»:

Չխոսելով ռուսական կորուստների մասին՝ Հունգարիայի վարչապետի հետ զրույցում Պուտինն անդրադարձել է ճակատում ուկրաինական կորուստների մասին՝ նշելով ամսական 40-50 հազար թիվը։

Համեմատության համար՝ 2024 թվականի փետրվարին Զելենսկին ասել է, որ 2023 թվականին Ուկրաինան կորցրել է 31 հազար զինվորական, ամերիկյան աղբյուրները հայտնել են 70 հազար սպանված և 120 հազար վիրավոր ուկրաինացի զինվորականների մասին։

«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարը»,- գրում է Օրբանը՝ նշելով, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը պատրաստ են խաղաղ բանակցությունների միայն երկու կողմերի մասնակցությամբ։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Թեև Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի, Օրբանը երեկ հայտարարել էր, որ «խաղաղության առաքելության» շրջանակներում այցելել է Պեկին՝ Կիև ու Մոսկվա այցերից հետո։ Իսկ այսօր Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հոբելյանական 75-րդ գագաթնաժողովին։

Օրբանը քննադատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նա Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող ԵՄ առաջնորդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG