Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չորեքշաբթի օրը կխոսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ուկրաինայի նախագահը ակնկալում է, որ Թրամփը մանրամասներ կհայտնի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից։
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ հետագա բանակցությունների քննարկումների համար թիմ ուղարկել։
Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը Ջիդդայում կկայանա մարտի 23-ին։ Ուիթքոֆը, սակայն չի նշել, թե որ երկրի ներկայացուցիչների հետ է մարտի 23-ին հանդիպելու ԱՄՆ պատվիրակությունը։
Պուտին-Թրամփ նախօրեին տեղի ունեցած զրույցից հետո Ռուսաստանը և Ուկրաինան այսօր հաղորդել են օդային հարձակումների մասին։