Անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը, որպեսզի ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, արդար մթնոլորտ՝ ազնիվ դիվանագիտության համար, Իտալիայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանն անտեսում է իրական դիվանագիտությունը և խաղաղության այն բանաձևը, որը մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ այս պատերազմն արդարացիորեն ավարտելու համար։ Եվ եթե մենք մեր գործընկերների հետ իրականացնենք հաղթանակի ծրագիրը, ապա Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարողանա շարունակել այս պատերազմը և հարկադրված կլինի խաղաղության։ Սա է հաղթանակի ծրագիրը։ Մենք ցանկանում ենք պաշտպանել Ուկրաինայի անկախությունը», - հայտարարել է Զելենսկին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ բանակցություններից հետո։
Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Իտալիայի վարչապետի հետ պայմանավորվել են աշխատել որքան հնարավոր է թիմային մակարդակով՝ հնարավորինս արագ խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով, քննարկվել է նաև Ուկրաինայի անվտանգության համար նոր փաթեթի պատրաստման հարցը։
Այսօր նախատեսված է Զելենսկու հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Զելենսկին Իտալիա է ժամանել Ֆրանսիայից, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ներկայացրել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» և քննարկել ռազմական օգնության հարցեր։
Նախքան Փարիզ մեկնելն Ուկրաինայի նախագահը եղել է նաև Լոնդոնում, բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
«Ուկրաինային լսեցին։ Շատ կարևոր է, որ մենք միասին աշխատենք հանուն արդար աշխարհի»,- հանդիպումներից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին այսօր կլինի Գերմանիայում, կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ «հաղթանակի ծրագիրը» երկրների ղեկավարներին կներկայացնի հոկտեմբերի 12-ին Գերմանիայում կայանալիք «Ռամշտայնի» գագաթնաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Գագաթնաժողովը կլիներ Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։ Սակայն այդ խմբի հանդիպումը հետաձգվեց, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միլթոն» փոթորիկով պայմանավորված հետաձգեց այցը Գերմանիա։