Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հասանովը կմասնակցի Ադանայում անցկացվող ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների TEKNOFEST 2024 փառատոնին։

Այցի շրջանակներում Հասանովը կհանդիպի Գյուլերի հետ։

Գյուլերը բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար»՝ շեշտելով, թե Անկարան իր ներդրումն է ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում։ Թուրքիայի պաշտպանության նախարարն այս տարվա ապրիլին նաև ասել է, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար»։

Անկարան նաև հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն էլ այն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրություն է համարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG