Մատչելիության հղումներ

Զախարովա. Լրագրողի խոսքերին Հայաստանի ռեակցիան տարակուսանք է հարուցում


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե ռուսական հեռուստատեսության եթերում «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողի խոսքերին Հայաստանի «անհարկի էմոցիոնալ բացասական ռեակցիան տարակուսանք է հարուցում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է:

«Անկեղծ ասած, այդ ռեակցիան տարակուսանք է հարուցում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է: Մենք միշտ լսել են Երևանից, որ Հայաստանը նվիրված է խոսքի ազատությանը, առավել ևս ներկայիս հայաստանյան ղեկավարությունն այն իր համար հրամայական է դարձրել: Դա՝ նախ և առաջ, և երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին, դրա էությունը մենք քանիցս հնչեցրել ենք», - հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համալիր ապաշրջափակման օգտին՝ բարձր մակարդակում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա:

«Առաջին հերթին խոսքը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մասին է», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեջբերելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. - «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

«Հենց այդպիսի տրամաբանություն է ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում», - պնդել է Զախարովան՝ վստահեցնելով, որ աշխատանքային խումբը նշանակալի հաջողությունների էր հասել, սակայն դրա աշխատանքը կանգ է առել «հայկական կողմի վրա արևմտականների դեստրուկտիվ ազդեցության հետևանքով»:

Նախօրեին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր: Ըստ պաշտոնական Երևանի՝ հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG