Ուկրաինայի նախագահը կիրակի նախազգուշացրել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական դաշինքի ամրապնդման մասին՝ վերահաստատելով Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու և ավելի մեծ պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանն ակտիվորեն մեծացնում է համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, և մենք խոսում ենք ոչ միայն զենքի, այլև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր մասնակցության մասին, ըստ «Ամերիկայի ձայնի», ասել է Զելենսկին։
«Մենք տեսնում ենք, որ դաշինքը Ռուսաստանի և այնպիսի ռեժիմների միջև, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, աճում է։ Սա արդեն պարզապես զենքի փոխանցում չէ։ Մենք իրականում խոսում ենք Հյուսիսային Կորեայից մարդկանց օկուպանտի ռազմական ուժեր տեղափոխելու մասին»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային խիստ անհրաժեշտ է զարգացնել հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյուն նախորդ շաբաթ հաղորդել էր, որ «մեծ հավանականություն» կա, որ Հյուսիսային Կորեան զորքեր ուղարկի` օգնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Նա, ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ժամանակ, ասել է, որ լուրերը, թե Հյուսիսային Կորեայի զինվորականները սպանվել են ռուսական զորքերի կողմից վերահսկվող տարածքի վրա ուկրաինական հարվածի հետևանքով, հավանաբար ճիշտ են:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկում Ուկրաինա՝ կռվելու, ասել է. - «Սա պարզապես հերթական կեղծ լուրն է»: