ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։
Կուբացի ներգաղթյալների որդին՝ 53-ամյա Մարկո Ռուբիոն, քննադատում է Բայդենի վարչակազմի «թույլ քաղաքականությունը», և պնդում, թե դրա պատճառով Նահանգները ներքաշվել է «անարդյունավետ» պատերազմի մեջ, որի համար ամերիկացիները «թանկ են վճարում»։
Ֆլորիդայից ընտրված սենատորը հայտնի է մի շարք հայանպաստ նախաձեռնություններով։ Անցած տարի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո, Ռուբիոն միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտին», որը կոչ է անում դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Նախագիծը, սակայն, օրենքի ուժ դեռ չի ստացել, քանի որ պետք է ընդունվի նաև Ներկայացուցիչների տանն ու ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։
Ավելի վաղ՝ 2022-ի սեպտեմբերին, Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի հետ օրինագիծ էր նախաձեռնել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։ Փաստաթուղթը, որը ևս օրենքի ուժ դեռ չի ստացել, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հորդորում Բաքվին ազատ արձակել հայ ռազմագերիներին։
«Ամերիկացի հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան, մի երկիր, որն անկայունություն է բերել տարածաշրջան։ Սենատի իմ գործընկերների հետ միասին մենք ընդունել ենք Հայաստանի օաշտպանության ակտը, հորդորում ենք Ներկայացուցիչների տանը նույնն անել»,- գրել էր նա X-ում։
Սենատորը նաև հայտնի է Չինաստանի, Իրանի և բռնապետական այլ վարչակազմերի կոշտ քննադատությամբ։ Նա տարիներ շարունակ հորդորում է խստացնել պատժամիջոցները Թեհրանի դեմ։
Ուկրաինայի հարցում էլ մեկն էր այն 15 հանրապետական սենատորներից, ովքեր այս տարվա ապրիլին դեմ քվեարկեցին Ուկրաինային 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։