Համապետական ընտրություններից մեկուկես տարի առաջ կառավարության նախաձեռնած ընտրական օրենսգրքի փոփոփոխությունների փաթեթը ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները միանշանակ չեն ընդունում:
Թեև նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, բայց քննադատություններն ու մտահոգությունները չեն դադարում, մասնավորապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը այսօր նաև այդ օրակարգով հրավիրված խորհրդարանական լսումների առանցքում էր:
«Չե՞ք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, երբ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման միջոցով, որը, ըստ էության, կառավարության բացառիկ լիազորությունն է առանց շատ կոնկրետ սահմանափակումների, ընդ որում եթե նույնիսկ գանք Ազգային ժողով և չեղարկենք այդ ռազմական կամ արտակարգ դրությունը, միևնույն է՝ այն այդ պահից արդեն գործում է, նման իրավիճակն անմիջապես բերում է ընտրությունների արդյունքի զրոյացման», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց՝ որոշ ձևակերպումներ փոխել են, ընդ որում նաև ընդդիմադիրների հետ համագործակցելով։ Նոր տարբերակը պատրաստվում են ներկայացնել կառավարությանը։
Առաջին ընթերցմամբ ընդունված կարգավորմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, հետագայում արդեն կազմակերպվում է նոր քվեարկություն:
Հարությունյանը մանրամասնեց առաջարկվող փոփոխությունները. -«Կատարվելու է փոփոխություն, որի արդյունքում նախատեսվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվեարկության օրը՝ ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է, համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է, և եթե դրությունները հայտարարվում են 20։00-ից հետո, այսինքն՝ մինչև ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որոնցում հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»։
«Կատարվող փոփոխության նպատակն այն է, որ ապահովվի ավարտված քվեարկության արդյունքները, չզրոյացվեն», - հավելեց Արմենուհի Հարությունյանը։
«Մենք առաջարկում ենք, որ ընտրության օրը՝ 00։00-ից մինչև 20։00-ն արգելվի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը։ Սա չի զրկում կառավարությանը ձեռնարկելու դրա իրական հիմքով պայմանավորված երկրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելուց», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։