Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների խոշորածավալ փոխանակում է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 26 մարդ է փոխանակվում։
Թուրքական կողմի տեղեկություններով՝ գործարքի շրջանակներում Ռուսաստան կվերադառնա 2019-ին Բեռլինում նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար գերմանական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովը։
- Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ սկսել են զանգվածային գերիների փոխանակում: Այն, ինչպես սպասվում է, կլինի իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:
- Bloomberg-ը, Sky News-ը, CNN-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ փոխանակումն ընթանում է Ռուսաստանում մի քանի քաղբանտարկյալների անհետանալուց հետո: Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ նրանք պատրաստ են փոխանակման: Պարզ չէ, թե որ բանտարկյալներն են ներառված փոխանակման մեջ: