Կրասնոդարի երկրամասի Յեյսկի շրջանի Օկտյաբրսկի գյուղի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ականատեսների վկայությամբ, պայթյուններ են լսվել, պահեստի տարածքը սահմանազատվել է։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հրդեհը Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերի հարձակման հետևանք է։ Ըստ ուկրաինական կողմի՝ պահեստում շուրջ 400 «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք է պահվել։
Չորեքշաբթի գիշերը BBC-ին, հղում անելով տեղական հեռագրային ալիքներին, գրել է Յեյսկի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին՝ նշելով, որ հենց այնտեղ է տեղակայված ռազմական օդանավակայանը։
Լրատվամիջոցը նշել է, որ Յեյսկը գտնվում է Կրասնոդարի մարզում, Ազովի ծովի ափին, Մարիուպոլից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա: Այս տարածքում կա մեծ ռազմական օդանավակայան, որը բազմիցս ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ հարձակումների։
Կրասնոդարի շրջանի օպերատիվ շտաբը BBC-ի հաղորդագրությունը կեղծ է որակել։ Չորեքշաբթի երեկոյան շտաբը հայտնել է պահեստում հրդեհի մասին՝ նշելով, որ այն բնակիչների համար վտանգ չի ներկայացնում։
Երեկ ուկրաինական կողմը հաղորել էր նաև, որ հարվածել է Կարաչևի մոտ գտնվող ՌԴ ՊՆ զինամթերքի պահեստին։
Չորեքշաբթի երեկոյան ռուսական կողմն էր հարվածել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքներին, վնասվել է Պանամայի դրոշով քաղաքացիական նավը։ Հաղորդվել է 6 զոհի, 11 վիրավորի մասին։ Շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն ասել է, որ սա քաղաքացիական նավի վրա երրորդ հարձակումն է վերջին չորս օրվա ընթացքում։