Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոնում կփորձեն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում, եթե պատերազմը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվի, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
The Wall Street Journal-ը նշում է, որ խոսքը եվրոպական երկրներից մինչև 30 հազար խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու ծրագրի մասին է։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը փետրվարի 20-ին հաղորդեց, որ Մակրոնն ու Սթարմերն այս շաբաթ կայցելեն Վաշինգտոն քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Կիև, իսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կխնդրեն Վաշինգտոնին այնպիսի ռազմական ռեսուրսներ, որոնք թույլ կտան պաշտպանել խաղաղապահ ուժերին վտանգի դեպքում և կկանխեն Ռուսաստանի կողմից հրադադարի խախտումները։
Ենթադրվում է, որ, օրինակ, ԱՄՆ-ը կարող է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել հարևան երկրներում, որոնք կփակեն Ուկրաինայի օդային տարածքի մի մասը, իսկ Եվրոպայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռները մարտական պատրաստվածության բերվեն, եթե եվրոպացի խաղաղապահները վտանգի տակ հայտնվեն:
Մակրոնն առաջին եվրոպացի առաջնորդն էր, ով հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ Քիր Սթարմերն էլ նշեց, որ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե խաղաղապահ ուժերի տեղակայումը կդառնա հնարավոր խաղաղության հաստատման երաշխիքներից մեկը։