Համաձայն ՄԱԿ-ի բնորոշման, ծայրահեղ աղքատությունը մարդու հիմնական, այդ թվում՝ խմելու ջրի, սննդի, կրթության պահանջմունքների բավարարման անհնարինության վիճակն է:
Ըստ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմի՝ աշխարհը որոշակի առաջընթաց ունի այս հարցում. - «25 տարվա ընթացքում մենք ծայրահեղ աղքատությունը կարողացանք կրճատել 2 միլիարդ մարդուց մինչև 1 միլիարդի»:
Գրեթե միլիարդ մարդ ապրում է օրական 1 դոլար 25 սենթից էլ պակաս գումարով: Տնտեսական աճի հապաղումը զարգացած և նոր զարգացող երկրներում ավելի է բարդացնում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ջանքերը:
Լուծումներից մեկը նոր ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունն է, ինչպես, օրինակ, Չինաստանի կողմից առաջավարվող Ասիական ենթակառուցվածքային ու ներդրումային բանկը կամ Նոր զարգացման բանկը, որը հիմնադրել են BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:
Այսպիսի բանկային դաշինքները կարող են օգնել լուծելու ենթակառուցվածքային բարեփոխումների համար անհրաժեշտ գումարների խնդիրը, որոնք Համաշխարհային բանկը միայնակ այլևս չի կարողանում ապահովել:
Էմի Սթըդարթը՝ Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների հաստատության քաղաքատնտեսության գծով փոխտնօրենը, ասում է. - «Ըստ Համաշխարհային բանկի՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում 2․5 տրիլիոն դոլարին համարժեք ներդրումների պակաս գոյություն ունի»:
Չնայած ներդրումների խիստ անհրաժեշտություն կա, ոմանք մտավախություն ունեն, որ այդ նոր ֆինանսական հաստատությունների գործունեությունը արևմտյան ազդեցության կրճատման պատճառ կդառնա:
Սակայն ըստ Ջիմ Յոնգ Կիմի՝ ազդեցության խնդիր չկա. - «Մեզ համար հիմնարար հարց է, որ թշնամի չեն կարող լինել այլ հիմնարկները, այլ՝ այն պետք է լինի աղքատությունը»:
Համաշխարհային բանկը ակնկալում է, որ կլուծի այդ խնդիրները, երբ աշխարհի առաջնորդները միասին այս տարի ավելի ուշ ՄԱԿ-ում քննարկելու են համաշխարհային առաջնահերթությունները, այդ թվում՝ աղքատության խնդիրը: