Ուկրաինան կարող է բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ և ներկայիս արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիևում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը, Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա, և հասկանալի է, որ Ուկրաինան պետք է ապահովի իր պաշտպանությունը», - ասել է նա։
Քեմերոնը նաև խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Լոնդոնը տարեկան կտրամադրի երեք միլիարդ ֆունտ «այնքան, որքան անհրաժեշտ է»։
Ապրիլի 23-ին Լոնդոնը հայտարարեց, որ Ուկրաինային է տրամադրում երկրի պատմության մեջ ամենամեծ՝ 617 միլիոն դոլարի արժողությամբ օգնության փաթեթը, որն օգտագործվելու է զինամթերքի, հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ինժեներական սարքավորումների արագ առաքման համար։
Ռազմական օգնության փաթեթը, ըստ մամուլի հաղորդագրության, կներառի ավելի քան 1600 հարվածային և զենիթային հրթիռներ, ներառյալ՝ Storm Shadow թևավոր հրթիռների նոր խմբաքանակը, որոնց թռիչքի հեռահարությունը մոտ 250 կիլոմետր է:
Մոսկվան վտանգավոր է համարում Մակրոնի հայտարարությունը
Նախկինում Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերին նման սպառազինություն տրամադրելը «կարմիր գիծ է», որին Մոսկվան պատասխան կտա, առանց մանրամասնելու, թե դա ինչ է ենթադրում։
Այդուհանդերձ, Ռուսաստանի հետ հակամարտությունում Արևմուտքը ևս մեկ կարմիր գիծ հատելու մասին է հայտարարում։
Ֆրանսիայի նախագահը երեկ կրկին ասել է, թե պետք չէ բացառել արևմտյան երկրների ստորաբաժանումների մասնակցությունը ռազմական գործողություններին՝ հավելելով, թե Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում։
Կրմելն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն այն շատ վտանգավոր է համարել, իսկ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական ուժերը կարող են բրիտանական զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին, որակել է ուղիղ էսկալացիա։
«Սա ուկրաինական հակամարտության շուրջ լարվածության ուղղակի սրացում է, որը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությանը», - ասել է Պեսկովը:
Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում միայն մարտի դաշտում. ուկրաինացի զինվորական
Իսկ ճակատում ռուսների գրեթե ամենօրյա ռեժիմով առաջխաղացման ֆոնին՝ Կիևից արդեն մի քանի օր է՝ հնչում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների մասին հայտարարություններ։ Ուկրաինայի հետախուզության ղեկավարի տեղակալն ասել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում միայն մարտի դաշտում։
Վադիմ Սկիբիցկին հարցազրույց է տվել The Economist-ին, ասել է, թե իրավիճակն ավելի բարդ է, քան երբևէ ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր և կարող է է՛լ ավելի վատանալ։
Ռուսաստանը, նրա խոսքով, շարունակում է իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի «ամբողջական ազատագրման» ծրագիրը։
«Հրաման կա մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա համար «ինչ-որ բան վերցնել» կամ գոնե մեկ շաբաթ անց՝ Պուտինի Չինաստան այցից առաջ։ Առաջխաղացման արագությունն ու հաջողությունը կորոշեն, թե որտեղ և երբ է լինելու ռուսների հաջորդ հարվածը», - հավելել է նա։
Այժմ ուկրաինական կողմի գլխավոր մտահոգությունը Չասով Յարն է, որի համար արդեն երկար ժամանակ է կատաղի մարտեր են ընթանում։ Չասով Յարը ռազմավարական նշանակության հենակետ է բարձունքի վրա, որը ռուսական բանակի համար ճանապարհ է բացում դեպի Դոնեցկի մարզի վերջին չգրավված խոշոր քաղաքները: Չասով Յարի կորուստը, հավանաբար, միայն ժամանակի հարց է, ասում է ուկրաինացի հետախույզը, հավելելով՝ ամեն ինչ կախված է պահուստներից ու մատակարարումներից։
Վադիմ Սկիբիցկին խսստովանում է՝ ուկրաինական բանակը հեռու է ռազմաճակատում իրավիճակի կայունացումից, իսկ ռուսական բանակն այժմ գործում է որպես «մեկ մարմին՝ հստակ պլանով և մեկ հրամանատարության ներքո»։
Կիևում կարծում են, որ Ռուսաստանն այժմ պատրաստվում է հարձակման Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկովի և Սումիի մարզերում: Այդ պլանների իրականացումը կախված է Դոնբասում Ուկրաինայի պաշտպանության կայունությունից։ Հիմնական հարձակումը, Սկիբիցկիի խոսքով, կսկսվի «մայիսի վերջին կամ հունիսի սկզբին»։ Նույն մտահոգությունը, որ ռուսները պատրաստվում են մեծ հարձակման արդեն ամռան սկզբին, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի հետախուզության ղեկավարի տեղակալը պնդում է, թե այսօր Ուկրաինայի գրավված տարածքներում կա մոտ 514 հազար ռուս զինվոր։
Ինչ վերաբերում է Ռուսստանի հետ հնարավոր բանակցություններին, ապա նախօրեին արտգործնախարար Կուլեբան ասել է, թե այդ մասին հնարավոր կլինի խոսել հունիսի կեսերին Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գլոբալ գագաթնաժողովից հետո։ Սկիբիցկին ավելի հստակ է արտահայտվել, ասելով, թե նույնիսկ եթե Ուկրաինային հաջողվի հետ մղել ռուսական բանակը մինչև 1991 թվականի սահմանները, պատերազմը չի ավարտվի, այն, նրա խոսքով, կարող է ավարտվել միայն խաղաղ բանակցություններով։
Իրավիճակը ճակատում առնվազն վերջին կես տարում հօգուտ ռուսների է։ Ռուսները մշտապես գրոհում են և առաջ գնում՝ գրավելով նոր բնակավայրեր և դիրքեր։ «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի խոսնակ, փոխգնդապետ Նազար Վոլոշինը այսօր հայտարարել է, որ ռուսական զորքերին հաջողվել է ճեղքել և մտնել Պոկրովսկի շրջանի Օչերետինո քաղաք:
Սակայն, ըստ նրա, այն տարածքը, որտեղ կենտրոնացած են ռուսական ստորաբաժանումները, գնդակոծվում է ուկրաինական հրետանու կողմից։ Այսինքն՝ քաղաքը գրավելու մասին, ըստ Վոլոշինի դեռ վաղ է խոսել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր Օչերետինոյի պաշտպանությունը ճեղքելու մասին չի խոսել, փոխարենը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթներին ռուսները գրավել են Դոնեցկի մարզի երեք բնակավայր՝ Սեմյոնովկան, Նովոբախմուտովկան, Բերդըչին և իրենց վերահսկողության տակ վերցրել 547 քառակուսի մետր տարածք։