Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ


Այս շաբաթ արևմտյան մամուլը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին ու այս հարցում Թուրքիայի կեցվածքին:

Բրիտանական «Գարդիանը» ապրիլի 14-ին նամակներ է հրապարակել, որոնցից մեկում, դոկտոր Մայքլ Հերոնը անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի քննադատությանը Հռոմի պապի ելույթին:

Վերջինս հայերի դեմ հանցավոր կոտորածները անվանել էր ցեղասպանություն, ինչը, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իբրև թե այդ ծանր ժամանակները մահմեդականները, հայերը, հույները, ասորիները ու եզդիները հավասարապես տուժել են առաջին աշխարհամարտի ընթացքում, նշում է թուրք պաշտոնյան՝ քողարկելով այն փաստը, որ թուրքերը տուժել են պատերազմի հետ կապված երևույթներից, իսկ վերը նշված մյուս ազգերը սեփական կառավարության ջանքերով ենթարկվել են ծրագրված և համակարգված ոչնչացման, նշված է «Գարդիան»-ում հրապարակված նամակում:

Ապրիլի 15-ին «Նյու Յորք Թայմզը» հրապարակել է Ջեյլան Յեգինսույի «Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածը, ուր հեղինակը անդրադարձել է Մեծ եղեռնին ու Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին այն որպես «ցեղասպանություն» տերմինի բնորոշման նմուշ օգտագործելու պարագային:

Ապրիլի 16-ին «Նյու Յորք Թայմզ»-ը նշում է, որ անգամ հիմա թուրքական դասագրքերը հայերին ներկայացնում են իբրև դավաճաններ, և իբր այդ ամենը օսմանյան թուրքերի անհրաժեշտ քայլեր էին՝ հակազդելու հայերի «անջատողականությանը»: Հեղինակը մեջբերում է Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի «Մեծ արհավիրք» գրքի բնորոշումը, որ թեև եղել են հայեր, որոնք ապստամբել կամ հեղափոխությամբ են տարվել, սակայն դա արդարացում չէ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու համար: Դը Վաալի խոսքերով՝ «սա մի նախադեպ է՝ պատժելու բոլորին՝ մի քանիսի թվացյալ անհնազանդության պատճառով»:

Հոդվածում մեջբերվում են 1915 թվականին «Նյու Յորք Թայմզ»-ում հրապարակված հոդվածները, որոնք անաչառ ու աներկբա ներկայացնում են իրադարձությունները Օսմանյան Կայսրությունում: Հեղինակը մեջբերում է Կոնգրեսական Ադամ Շիֆի այն մտավախությունը, որ Օբաման, Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարում, զգալով Թուրքիայի մասնակցության կամ աջակցության խիստ կարիքը, կարգելակի ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ապրիլի 15-ին «Վաշինգթոն Փոսթ»-ի «Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանությունը դաս հրեաների համար» վերտառությամբ ընդարձակ մեկնաբանությունը համեմատական վերլուծության ու փաստերի միջոցով նշում է ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ հետագա ցեղասպանությունները կանխելու համար: Մեկնաբանության հեղինակ Սալկինը նշում, որ փաստագրական առումով Հայոց ցեղասպանությունը ամենալավ փաստարկվածներից է. Միայն 1915 թվականին «Նյու Յորք Թայմզ»-ը 145 հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հեղինակը համեմատական վերլուծություն անցկացնելով հրեաների ու Հայոց ցեղասպանության միջև, նշում է, որ հրեաների ցեղասպանությունը իրականացվել է ամենուր, ուր գերմանական կառավարությունը վերահսկողություն է ունեցել, մինչդեռ հայերը Օսմանյան կայսրությունում բուն Հայաստանից դուրս հարաբերականորեն անվտանգ միջավայրում են եղել՝ ակնարկելով, որ Հայոց ցեղասպանության իմաստը նաև հայերին հայրենազրկելն էր:

«Լոս Անջելես Թայմզ»-ում Փիտեր Բալաքյանի խմբագրականը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու ու միջազգային ճանաչումը տապալելու Թուրքիայի ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևորությանը ամբողջ մարդկության, ժողովրդավարության ու հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար:

«ՅուԷսԷյ Թըդեյ» պարբերականը հրապարակել է նյույորքցի իրավաբան ու գրող Գրեգորի Ուոլոսի «Օբամա, Հայաստանի համար լավություն արա» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձել է Օբամայի դիրքորոշման փոփոխմանը Հայոց ցեղասպանության շուրջ իր նախագահ դառնալուց հետո, ի տարբերություն իր սենատոր լինելու շրջանի: Նա նշել է նաև Հիլարի Քլինթոնի նմանատիպ կեցվածքը, որը Հայոց ցեղասպանությունը ընդունում էր մինչ պետքարտուղարի պաշտոնի ստանձնումը, սակայն սկսեց ընդդիմանալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը դրանից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG