«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին։
Պետքարտուղարը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Բրյուսելում իր, Հայաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի ղեկավարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է կայացել՝ նշելով, որ այդ հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչպես կարող են Վաշինգտոնն ու Բրյուսելն աջակցել Երևանին մի շարք ոլորտներում։
«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարն՝ առանց հավելյալ մանրամասների։
Բլինքենը միաժամանակ հույս է հայտնել, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջիմ Կոստան հիշեցրել է՝ Ալիևի վարչակազմը բազմիցս է խախտել Հայաստանի հետ պայմանավորվածությունները և պատասխանատվության չի ենթարկվել։
«Պարոն քարտուղար, ես և Դուք տարբերվում ենք այս հարցում. ես չեմ վստահում Ադրբեջանին»,- ասել է հանրապետական օրենսդիրը։
«Ինչպես ասում են՝ վստահիր, բայց ստուգիր»,- արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ամբողջական անդրադարձը՝ «Ազատության» ռեպորտաժներում.