Վրաստանի քննչական մեկուսարանում արդեն 12 օր հացադուլ հայտարարած ադրբեջանական Azel TV կայքի հիմնադիր Աֆղան Սադիգովի ինքնազգացողությունը վատացել է, ադրբեջանական «Թուրան» գործակալությանը փոխանցել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան:
«Այսօր փաստաբան Ռուսուդան Մչեդլիշվիլին քննչական մեկուսարանում տեսել է Աֆղանին։ Նա շատ թուլացած տեսք ուներ։ Փաստաբանը նշել է Աֆղանի շտապ հոսպիտալացման անհրաժեշտությունը»,- նշել է Սադիգովան։
Սադիգովի կինը պնդում է, որ ամուսինը ոչ մի բուժօգնություն չի ստանում։
Պաշտպանական կողմը պատրաստվում է Սադիգովին քրեակատարողական հիմնարկի բժշկական կենտրոն տեղափոխելու միջնորդություն ներկայացնել։ «Հուսով եմ, որ դա կստացվի: Աֆղան Սադիգովի առողջական վիճակը լավ չէ, նա բժշկական հսկողության և օգնության կարիք ունի»,- հայտարարել է Սադիգովի փաստաբանը։
Լրագրողը պահանջում է կասեցնել իր արտահանձնման գործընթացը Ադրբեջան և դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը։ Պաշտպանական կողմը բողոքարկում է Սադիգովին Վրաստանում քաղաքական ապաստան տրամադրելու մերժման որոշումը։
Վրաստանի միգրացիոն ծառայությունը սեպտեմբերի 16-ին հրաժարվել է ապաստան տրամադրել ադրբեջանցի լրագրողին։
Թբիլիսին Azel TV կայքի հիմնադրին ձերբակալել է օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարվել՝ հետագայում արտահանձնման նպատակով։
Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։ Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։