Երևանի Ազատության հրապարակը ծխի մեջ է, տարածքում էլ վրաններ ու անօդաչուներ կան․ Հայաստանում Գիտության շաբաթ է, երկրի գլխավոր հրապարակներից մեկում այս անգամ ոչ թե քաղաքական պահանջներով ցուցարարներն են, այլ՝ գիտական ինստիտուտները, համալսարաններն ու հիմնադրամները, որ եկել են պատմելու, ցույց տալու ու բացատրելու՝ ինչ է գիտությունը։
Դասախոսությունների, գիտափորձերի, փորձի փոխանակման ու գիտության հանրայնացման այս միջոցառման կազմակերպիչը «Գիտուժ» նախաձեռնությունն է։
Իսկ ո՞ւմ է դա հետաքրքիր։ «Կարող եք չհավատալ ինձ և շրջել մեր տաղավարներով, կամ կենտրոնական տաղավարով, որտեղ դասախոսություններ են տեղի ունենում, տեսնել, թե ինչ հետաքրքրությամբ են ուսումնասիրում գիտությանը վերաբերող տարբեր ինստալյացիաներ, ինչ ոգևորված, փայլող աչքերով են տեսնում ինչ փորձեր են իրականացնում տաղավարներում, ինչ հետաքրքիր հարցեր են տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության գործառնական տնօրեն Լիլիթ Մարգարյանը:
13-ամյա Ալեք Մանվելյանը պատմեց, որ Մատենադարանի գիտահետազոտական կենտրոնն այստեղ ուներ իր տաղավարը. - «Ցուցադրում էին՝ ինչպես են անալիզներ արել ու հասկացել՝ էս շրջանում ներկը պատրաստված է եղել էս տիպի ծաղիկներից, հետո իրենք նույն մեթոդով ներկ են ստացել»։
Գիտության հանդեպ Ալեքի հետաքրքրությունն ամենևին էլ սիրողական չէ՝ նա արդեն հստակ որոշում ունի. - «Ես ուզում եմ զարգացնել օրգանական քիմիան Հայաստանում. ինչո՞ւ Հայաստանում՝ որովհետև դրա կարիքը մենք շատ ունենք: Որովհետև եթե ասում ենք քիմիան Հայաստանին պետք չէ, մենք կարող ենք հետ գնալ 2020 թվական, հիշենք ֆոսֆորը, որով զինվորներին էին վառում։ Այսինքն՝ դա որպես զենք ծառայեց։ Իսկ պատերազմող պետությանը գիտությունը, մասնավորապես՝ քիմիան, օդ ու ջրի պես պետք է»։
Գիտությանը նվիրված այս փառատոնին դպրոցականներ են եկել նաև Տավուշից: Աչաջուրցի Դավիթ Օթարյանն ասաց՝ ինչու. - «Գիտությունն այն ոլորտն է, որն ուսումնասիրում է մեզ շրջապատող բոլոր երևույթները, բացատրություն է տալիս ինչ է կատարվում, շատ հարցերի պատասխաններ մենք հենց գիտությունից ենք ստանում»:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից Մելինե Բեգլարյանն ասաց՝ մարդկանց այստեղ կյանքն է հետաքրքիր՝ իր բոլոր գույներով՝ սկսած դիետաներից, ավարտած բլոգերներով ու անօդաչու թռչող սարքերով. - «Մեկի ուշադրությունը կենտրոնացած է դրոնների հետազոտությունների վրա, մյուսինը՝ օդի աղտոտվածության, ինչպես ենք սննդակարգը ձևավորում։ Բլոգերների, ինֆլյուանսերների տված ինֆոն են ուզում ճշտել»:
Հայ-ռուսական համալսարանի տաղավարում բուհի ուսանողուհի Մերի Սմբատյանն անօդաչու թռչող սարք ցույց տվեց, որը «հետևում է և խոցում է»։