Մատչելիության հղումներ

«Ոնց որ երազի մեջ լինեի, 25 տարի սպասել ենք այս պարգևին մենք». 47-ամյա կինը բժշկից է իմացել, որ հղի է՝ արդեն 9 ամսվա


Բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը Լուսեի և նրա հոր` Սենիկ Գրիգորյանի հետ, Երևան, 26-ը օգոստոսի, 2024թ.
Բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը Լուսեի և նրա հոր` Սենիկ Գրիգորյանի հետ, Երևան, 26-ը օգոստոսի, 2024թ.

Որովայնի շրջանում սաստիկ ցավերով հիվանդանոց գնացած 47-ամյա Գայանեն բժշկից է իմացել, որ հղի է, ու երեխան մի քանի ժամից կծնվի: 25 տարի անպտղության դեմ պայքարող ամուսիններն անակնկալի են եկել, ինչպե՞ս ...

«Էխոյի բժիշկն ասեց, որ «Դուք հղի եք, ինն ամսվա հղի եք, Դուք արդեն ծննդաբերում ենք»: Ոնց որ ես երազի մեջ լինեի, 25 տարի սպասել ենք այս պարգևին մենք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց կինը:

«Ասի՝ հնարավոր չի, ասեց՝ «տղա ջան, ես 40 թե 50 տարվա փորձ ունեմ, ես երբեք չեմ շփոթվել»: Մի հատ էդ սարքը դրեց, էրեխու շնչառությունը լսեցի ես, սրտի բաբախը լսեցի, տարանք ընդունարան նորից, բժիշկը եկավ ասեց՝ «տարեք Գայանեին պատրաստեք», - հավելեց ամուսինը՝ Սենիկ Գրիգորյանը:

Ալավերդցի Գայանեն ասում է՝ ճիշտ է որովայնը մեծացել էր, բայց ոչ այնքան, որ պատկերացներ՝ հղի է, պնդում է՝ հղիության նշաններ չի ունեցել, որ բժշկի գնա: Ինքն էլ է զարմանում, թե ինչպես ամիսներ շարունակ անգամ չի զգացել կրծքի տակ ձևավորված փոքրիկի խաղը. - «Բայց ես վատ չեմ զգացել էդ ինը ամիսներին, ինձ համար հանգիստ: Նույնիսկ երկու օր առաջ ես բարձրացել եմ Սուրբ Հովհաննես մատուռը Սպիտակի»:

Երևանյան ծննդատներից մեկում մի քանի օր մնալուց հետո ընտանիքը վերադարձել է Ալավերդի: Հետո, խոսքը խոսքով, լուրը հասել է Երևանի Պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկայի ռեանիմատոլոգ Աննա Չոբանյանին, որ հրաշքով ծնված մի փոքրիկ երկու շաբաթ շարունակ հաճախակի փսխումներ է ունենում: Բժիշկը հորդորել է երեխային շտապ իրենց կլինիկա բերել:

«Ես ասացի, որ անպայման դիմեն այստեղ՝ մտածելով այ էս արատի մասին, որը ենթակա է վիրահատության և լիարժեք բուժման: Գտնվելու է մեր հսկողության տակ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի», - ասաց բժիշկ Չոբանյանը:

Պարզվել է, որ 2կգ 800գ քաշով Լուսեն ստամոքսի բնածին արատով է ծնվել: Հարյուրավոր այդպիսի երեխաների վիրահատած բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը վստահեցնում է՝ հիմա նա արագ քաշ է հավաքում ու հետագայում խնդիրներ չի ունենա։

«Ստամոքսի ելքը փակ էր, նեղացած էր, այսինքն՝ գնալով կլինիկան ավելի սրվում էր, առանց վիրահատական միջամտության այդ երեխաները ապրել չեն կարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց բժիշկ Դալլաքյանը:

Ավելի քան 40 տարի մանկական վիրաբուժության ոլորտում աշխատող Նիկոլայ Դալլաքյանի համար էլ է Լուսեի լույս աշխարհ գալու պատմությունն անհավանական. - «Ասում եմ, որ արագիլն է բերել, իրոք, ինչքան էլ մեծանում ես, բայց հեքիաթներին հավատում ես: Իմ համար էլ է զարմանալի, ում էլ որ պատմում էինք, շատ մեծ էր սկեպսիսը, բայց ամենահետաքրքիրը այս դեպքի՝ որ ինքը ամբողջովին, 100-տոկոսանոց ճիշտ է»:

Հինգ տարի առաջ էլ գյումրեցի Մարգարիտ Գրիգորյանն էր շտապ օգնության մեքենայով ու կրկին որովայնի ցավերով հիվանդանոց տեղափոխվել ու պարզել՝ 7-րդ երեխան է ծնվում, չի էլ կռահել, որ հղի է. - «Պատահական էր, լրիվ պատահական»:

Մեկ ամիս առաջ ծնված Լուսեի մայրը մինչև վերջին պահը վստահ է եղել, թե դաշտանադադարի փուլում է, ու այտուցված որովայնը և սուր ցավերը դրանով է պայմանավորել:

Երեխայի հայրն ասում է՝ գիշերները գրեթե չի քնում, աչքը երեխայից չի կտրում. - «Ես չեմ կարա բացատրեմ ինչ եմ զգում, ժողովուրդ, անկեղծ եմ ասում, չեմ կարա բացատրեմ: Տենց քաղցրություն, տենց, ի՞նչ ասեմ, բառեր չեմ գտնում որ ասեմ: Ես երևի, անկեղծ ասած, չեմ էլ քնում, անընդհատ սպասում եմ, որ լացի, գրկեմ, մաման կերակրի»:

«Հուլիսի 26-ին իմ աղջիկը լույս աշխարհ եկավ, դրա համար էլ անունը դրել եմ Լուսե, որ իմ տան լույսը բացվել է», - ասաց Գայանեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG