Մատչելիության հղումներ

Վիզաների անօրինական վաճառքի կասկած. ԱԳՆ աշխատակից է ազատվել


ԱՄՆ մուտքի վիզա, արխիվ
ԱՄՆ մուտքի վիզա, արխիվ

Փոխնախարարն այսօր հերքեց իր հնարավոր մասնակցությունն այս ապօրինի գործարքներին։

Արտգործնախարարության վարորդը ենթադրաբար ներգրավված է եղել վիզաների անօրինական վաճառքի մեջ։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը պնդում է՝ իմանալուն պես անձամբ է հաղորդում ներկայացրել իրավապահներին, բայց թե ինչպես է բացահայտել դա, չի ասում։

«Այն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին ինքս հաղորդում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն», - նշեց փոխնախարարը:

Ի՞նչ ընթացք է ստացել փոխնախարարի հաղորդումը։ Կոստանյանն այսօր լրագրողներին ասաց, որ վարույթ է հարուցված։ Գլխավոր դատախազությունը, սակայն, առայժմ մանրամասներ չի հաղորդում։

«Ինքը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 14-ից հետո ինձ չի սպասարկել», - ասաց փոխնախարարը:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Կոստանյանին սպասարկող ԱԳՆ վարորդ Երջանիկ Ումրշատյանն աշխատել է «Ավա թրեվըլ» տուրիստական ընկերության հետ, որն էլ երկու քաղաքացիներից ընդհանուր առմամբ 20 հազար դոլար է պահանջել ամերիկյան վիզայի համար։ Մարդիկ վաճառել են տները, իսկ ԱԳՆ վարորդն էլ պետական ավտոմեքենայով նրանց տարել է Միացյալ Նահանգների դեսպանատուն, բայց այդպես էլ վիզա չեն ստացել՝ մերժվել են։ Ըստ թերթի, նույն այդ վարորդը 8 քաղաքացու օգնել է Նիդերլանդների վիզա ստանալ։

Փոխնախարարն այսօր հերքեց իր հնարավոր մասնակցությունն այս ապօրինի գործարքներին։ Հույս հայտնեց, որ իրավապահները կբացահայտեն. - «Ես կարծում եմ, որ Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելուց հետո համապատասխան վարույթ է հարուցվել, և ես վստահ եմ, որ թե՛ ես, թե՛ ողջ հանրությունը կտեղեկանա այդ գործի մասին»:

«Ավա թրեվըլ»-ի ղեկավար Նունե Սոֆյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան է եղել, ու չձայնագրվելու պայմանով ասաց՝ իրեն զրպարտել են, այդ կանայք իսկապես դիմել են իրեն, բայց նման գործարք չի եղել, իսկ ԱԳՆ վարորդն ընդամենը իր հաճախորդն է եղել։

«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ գուցե հենց նման անօրինական մեխանիզմների հետևանք են վերջին տարիներին եվրոպական երկրների վիզաներ ստանալու դժվարությունները։ Նա ընդգծում է՝ իրավապահները պետք է բացահայտեն կոռուպցիոն ողջ սխեման։

Վերջին տարիներին Հայաստանում մարդիկ ամիսներով նույնիսկ վիզայի հարցազրույցի ամրագրում չեն կարողանում ստանալ վիզա կենտրոններում ու հյուպատոսարաններում։

«Մեզ ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրենց աշխատակիցներն էլ դրա մեջ խառնված են: Այս, ոնց որ, տաբու թեմա է, էլի: Եթե իսկապես ապացուցվի, որ էստեղ եղել է իսկապես էդպիսի դեպք, դա չէր կարող լինել առանց տվյալ էդ արտասահմանյան պետության դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հոկտանյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը հարցնում է՝ ինչպե՞ս ստացվեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների քթի տակ ենթակաները զբաղված են նման գործարքներով. - «Դժվար թե էդ վարորդը ինքնագլուխ կապ հաստատեր էդ արտասահմանյան դեսպանատան հյուպատոսական բաժնի հետ: Ուրեմն՝ ինչ-որ մարդիկ կան, խնդիրը նա է՝ ովքեր են վարորդի հետ միասին էս խաղի մեջ մտած: Այստեղ նաև արտասահմանյան դեսպանատների խնդիրը կա: Ես չգիտեմ ինչի, բայց իմ մոտ միշտ եղել են կասկածներ, որ իրենք էլ են դրա մեջ ներգրավված»:

Դատախազությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում, չի մեկնաբանում նաև պնդումները, որ ԱԳՆ արդեն նախկին վարորդն աշխատանքից ազատվելուց երեք օր անց հեռացել է Հայաստանից։ ԱԳ փոխնախարարն ասում է՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG