Մատչելիության հղումներ

«Վերջապես ​​տղա». Պուտինի «թագաժառանգների» միայնակ ու գաղտնի կյանքը


Ռուսաստան - 150 հա տարածքով հանգստավայրը Վալդայ լճի ափին, որը, ինչպես տարիներ առաջ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետաքննությունն է պարզել, պատկանում է նախագահ Վլադիմիր Պուտինին, արխիվ
Ռուսաստան - 150 հա տարածքով հանգստավայրը Վալդայ լճի ափին, որը, ինչպես տարիներ առաջ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետաքննությունն է պարզել, պատկանում է նախագահ Վլադիմիր Պուտինին, արխիվ

Լրագրողները վաղուց են հայտնել, որ Ռուսաստանի նախագահը երկու որդի ունի Ալինա Կաբաևայի հետ կապից:

Հունիսին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր` արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Վալդայի հանգստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կեցավայրի պաշտպանությունն ուժեղացվել է՝ դրա հարևանությամբ տեղակայվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք, ըստ երևույթին, նախատեսված են ուկրաինական անօդաչու թռչող սարքերից շքեղ կալվածքը պաշտպանելու համար:

Ըստ Dossier Center հետաքննական լրատվամիջոցի հոդվածի, որը ֆինանսավորում է նավթային նախկին մագնատ և Պուտինի խիստ քննադատ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին, լճափնյա տունը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա ճանապարհի գրեթե մեջտեղում և Կրեմլից ուղղաթիռով 20 րոպե հեռավորության վրա է, Պուտինի երկու մանկահասակ որդիների հիմնական բնակության վայրն է։ Լրագրողները վաղուց են հայտնել, որ Պուտինը երկու որդի ունի օլիմպիական չեմպիոն նախկին մարմնամարզուհի և Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևայի հետ կապից, սակայն Dossier-ի հոդվածը, որը գլխավորապես հիմնված է այդ տանն ապրած և աշխատած, երկու տղաների հետ պարբերաբար շփված աղբյուրի հետ հարցազրույցների վրա, է'լ ավելի շատ մանրամասներ է ներկայացնում։

71-ամյա Պուտինն ու Կրեմլը հույժ գաղտնի են պահել նախագահի ընտանիքի մասին տեղեկությունները նրա իշխանության տասնամյակների ընթացքում: 2015-ին հեռուստատեսային մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է. «Ես երբեք ոչ մեկի հետ չեմ քննարկում իմ ընտանիքը: Յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական կյանքի իրավունքը: Նրանք ապրում են իրենց կյանքով և անում են դա արժանապատվորեն»:

Այս ամսվա սկզբին, սակայն, Տիվա շրջան կատարած այցի ընթացքում Պուտինը տեղի դպրոց այցելելիս արտասովոր մեկնաբանություն արեց:

«Իմ ընտանիքի անդամներից ոմանք՝ փոքրերը, նույնպես խոսում են չինարեն, նրանք սահուն են խոսում», - ասաց նախագահը: Անհասկանալի էր, թե նա ում նկատի ուներ՝ երեք թոռների՞ն, որոնք, ըստ տեղեկությունների, ունի Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնությունից (որը 2014-ին ավարտվեց ամուսնալուծությամբ) ծնված երկու դուստրերից, թե՞ 41-ամյա Կաբաևայի հետ իր որդիներին, որոնք ծնվել են 2015 և 2019 թվականներին:

Դուստրերը

Պուտինի ավագ դուստրը՝ Մարիան, ծնվել է Լենինգրադում 1985-ին և այժմ 39 տարեկան է։ Թեև Պուտինը չի հաստատել այս տեղեկությունը, նրան նույնականացրել են որպես էնդոկրինոլոգ Մարիա Վլադիմիրովնա Վորոնցևա։ Նա մեծապես ներգրավված է եղել Պետերբուրգից դուրս գտնվող և պետության կողմից ֆինանսավորվող ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքներում՝ որպես Nomeko ընկերության գլխավոր բաժնետեր, որը ղեկավարում է 634 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը:

Պուտինի կրտսեր դուստրը՝ Եկատերինան, ծնվել է Դրեզդենում (այն ժամանակ դեռ Արևելյան Գերմանիայում) 1986-ին և այժմ 38 տարեկան է: Լրագրողները նրան նույնականացրել են որպես Կատերինա Վլադիմիրովնա Տիխոնովա, նախկին ակրոբատ պարուհի, որը ղեկավարում է Մոսկվայի պետական համալսարանի հովանու ներքո գործող և պետական ֆինանսավորում ստացող բիզնես ինկուբատորը։ Նա նաև նույն համալսարանում գործող Բարդ համակարգերի մաթեմատիկական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենն է: 2013-ից 2018 թվականներին ամուսնացած է եղել միլիարդատեր գործարար Կիրիլ Շամալովի հետ։

Որդիները

Նույնիսկ 2014-ին Լյուդմիլայից ամուսնալուծվելուց առաջ Պուտինը 2008-ից սիրային կապի մեջ է եղել Կաբաևայի հետ։

2020-ին ռուսական The Insider պարբերականը հայտնել էր, որ Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Լեյլա Ադամյանը և նրա դուստրը Մոսկվայում գտնվող և մոտ 1 միլիարդ ռուբլի (11 միլիոն դոլար) արժողությամբ էլիտար անշարժ գույքի սեփականատերեր են դարձել։ Գնումը տեղի էր ունեցել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Կաբաևան, ըստ լուրերի, ծննդաբերել էր Մոսկվայի Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում, որտեղ աշխատում էր Ադամյանը: Հետաքննող լրագրող Սերգեյ Կանևն այդ ժամանակ հայտնել էր, որ հիվանդանոցը մանրակրկիտ խուզարկել և հսկողության տակ էին վերցրել Պաշտպանության դաշնային ծառայության գործակալները, որը ԱՄՆ Գաղտնի ծառայության ռուսական տարբերակն է։

2019-ի մայիսի 23-ին՝ Կաբաևայի ծննդաբերությունից երկու շաբաթ անց, Կրեմլում կազմակերպված ճոխ արարողության ժամանակ Պուտինն անձամբ Ադամյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։

Ըստ Dossier-ի՝ Կաբաևայից Պուտինի ունեցած առաջին որդին՝ Իվանը, ծնվել է 2015-ին, իսկ կրտսերը՝ Վլադիմիրը, ծնվել է 2019-ին։ Dossier-ն նշել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել տղաների լուսանկարները, սակայն որոշել է չհրապարակել դրանք՝ անչափահասներին պաշտպանելու համար:

«Նրանք շատ ժամանակ չեն անցկացնում իրենց ծնողների հետ,- «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Dossier-ի հոդվածի առաջատար հետաքննող լրագրող Իլյա Ռոժդեստվենսկին,- Մեր տեղեկություններով՝ օրական մոտ 30-ից 60 րոպե... Որոշ չափով դայակները փոխարինում են ծնողներին՝ նրանց հետ նախաճաշելով, նրանց սովորեցնելով ու մարզելով»։

Այդուհանդերձ, հավելել է Ռոժդեստվենսկին, հատկապես Իվանը շատ է սիրում Պուտինին։

«Որդին շատ է գնահատում իրենց համատեղ խաղը և հոկեյի համատեղ խաղերը,- բացատրում է նա,- Որդիները Վլադիմիր Պուտինի հետ խաղում են մեկ թիմում՝ ընդդեմ Պաշտպանության դաշնային ծառայության գործակալների: Իվանը ծառաներին բազմիցս է պատմել մի պատմություն, որը, ըստ երևույթին, ծնողներն են նրան պատմել, որ երբ նա ծնվել է, հայրն այնքան է ուրախացել, որ բացականչել է․ «Ուռա, վերջապես տղա»։

Ռոժդեստվենսկին հավելել է, որ երկու տղաներն էլ անգլերեն և գերմաներեն են սովորում։

«Հնարավոր է, որ նրանց պատրաստում են մարզական կարիերայի,- հավելել է նա,- Պրոֆեսիոնալ մարզիչներ ունեն՝ մեկը մարմնամարզության, մյուսը՝ լողի, շախմատի ուսուցիչ ունեն, ավագ որդին նաև ակադեմիական առարկաներ է ուսումնասիրում»։

«Նրանք հազվադեպ են տեսնում իրենց հասակակից երեխաների,- ասում է նա,- Միայն տոներին, ինչպիսին Ամանորն է, երբ ընտանիքը հրավիրում է ընկերներին: Ընկերները, մի քանի շաբաթ կարանտինում անցկացնելուց հետո, գալիս են Վալդայ և իրենց հետ բերում իրենց երեխաներին»:

«Թագաժառանգներ»

Dossier-ի աղբյուրը ուշադրություն է հրավիրել մի գովազդի վրա, որն այս տարվա սկզբին հայտնվել է English Nanny զբաղվածության էլիտար գործակալության կայքում, ընկերություն, որը մարդկանց է գտնում, որպեսզի աշխատեն Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից և այլ երկրներից հարուստ մարդկանց տներում և նրանց օգնեն կենցաղային հարցերում: Գովազդում նշում էր, որ փնտրվում է «Սանկտ Պետերբուրգի մարզում 4 և 8 տարեկան երկու երեխայի համար անգլերենի ուսուցիչ, որը պետք է բնակվի գործատուի տանը»:

«Ընտանիքն ապրում է մեկուսացման մեջ»,- ասվում էր գովազդում, որն առաջարկում էր ամսական 7700 եվրո (8500 դոլար) աշխատավարձ։ Գովազդում նաև նշվում էր, որ ուսուցիչը «պետք է աշխատի մեկուսացված» և «չպետք է լքի գործատուի տարածքը»։

Ըստ Dossier-ի՝ տան աշխատակիցները չեն ցանկանում երեխաներին ընտելացնել կարգապահության կամ սահմանափակումներ կիրառել, իսկ տղաները մեծանում են արտոնյալ և իրավատեր լինելու խոր զգացումով և այնպիսի մթնոլորտում, երբ շրջապատված են մասնավոր ինքնաթիռներով և զբոսանավերով։ Մինչև 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը նրանք կանոնավոր կերպով ժամանակ էին անցկացնում Կաբաևայի հետ Ռուսաստանի նախագահի՝ 119 միլիոն դոլար արժողությամբ 82 մետրանոց Graceful զբոսանավով, հաղորդում է Dossier-ն:

«Եթե հենց նրանց ծննդյան պահից ի վեր բոլորը վազում են նրանց շուրջը և կատարում նրանց յուրաքանչյուր քմահաճույքն ու վարվում այնպես, ասես նրանք թագաժառանգ լինեն... ապա զարմանալի չէ, որ նրանք իրենց շրջապատում ամեն ինչ ընկալում են այնպես, որ հենց այդպես էլ պետք է լինի»,- ասում է Ռոժդեստվենսկին:

Ռուս լրագրող Կոնստանտին Էգերտը, որն աշխատում է Deutsche Welle-ում, ասում է, որ Պուտինի որդիներն «ապրում են ճիշտ այնպես, ինչպես ապրել են Ռուսաստանի կայսերական ընտանիքի երեխաները, պարզապես հոգևոր և ֆիզիկական ավելի փակ տարածքում»:

«Ակնհայտ է, որ նրանք իրենց համարում են նոր ազնվականություն, նոր արիստոկրատիա,- ասել է Էգերտը,- Նրանք Ռուսաստանը կառավարում են ճիշտ այնպես, ինչպես այն կառավարվում էր ճորտատիրության դարաշրջանում...»։

«Այս նոր ազնվականների կյանքը՝ համեմատած ... ուկրաինական քաղաքների զանգվածային գնդակոծությունների հետ, մեր ժամանակների հրեշավոր հակադրությունն է,- հավելել է նա,- Իհարկե, դա վկայում է ռուսական վերնախավի բարոյական համակարգի քայքայման և ռուսական հասարակության անտարբերության մասին: Դա շատ բան է ասում Ռուսաստանում առկա բարոյական ճգնաժամի մասին: Այս երկու տղաների ճակատագիրն ընդամենը մի մասն է հսկայական և բազմակողմանի այս հրեշավոր ճգնաժամի, որը զարգացել է տարիներ շարունակ»։

Հեղինակներ՝ Ռոբերտ Կոալսոն և Արտյոմ Ռադիգին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG