Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել Ֆինանսների նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահե Հովհաննիսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ:
«Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեր բողոքը այդ ընկերության մասով ու բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պարտավորեցրել էր հանրային վարույթի մասնակիցներին, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Մի խումբ փաստաբանները անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը մեկ միլիոն դոլար անտոկոս փոխառնություն է ստացել, գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը: Հետագայում այս կազմակերպությունը վերանվանել է «Ջի կոդեր», իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100 տոկոս բաժնեմասը, ըստ փաստաբանների, վաճառել է մորեղբորը: Ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակությունից՝ կառավարությունից ստանալով 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն:
Սա կասկածներ էր առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է: Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցը հասել էր Հակակոռուպցիոն կոմիտե: Այստեղ հրաժարվել էին քրեական վարույթ նախաձեռնել: Թե այս, թե հակակոռուպցիոն դատարանի որոշումները բողոքարկվել էր արդեն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ էլ որոշեն են նախարար Հովհաննիսյանին առնչվող կոռուպցիոն կասկածները պետք է դառնան իրավապահների քննության առարկա:
«Վերաքննիչ դատարանը գտել էր, որ չի հերքվել, որ այդ գումարները ստացել է... այսինքն, քննիչը չի պարզել հակառակը, որ այդ գումարները չեն ստացվել, հակառակը՝ վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ գումարները ստացվել են, և այդ գործընթացի մեջ գրել է, որ՝ այո, այստեղ կան հանցագործության առերևույթ հիմքեր, թե որտեղից գումարները, և այս ամբողջ գործընթացը, որ հետո այդ ընկերությունը դարձավ կառավարության որոշման էդ արտոնություն կրող սուբյեկտ: Բնականաբար, դատարանն այդ ռիսկը տեսել է ու ասել է, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր, որովհետև առերևույթ հանցագործության հատկանիշների նվազագույն շեմը հաղթահարված է դրանով», - նշեց Արա Զոհրաբյանը:
Նախարար Վահե Հովհաննիսյանը «Ազատության» զանգերին չի արձագանքել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև նրա խոսնակի հետ, որն ավելի վաղ ասել էր, թե հայտարարագրերում անհամապատասխանությունները տեխնիկական վրիպակներ են, շտկում են: Կոռուպցիոն կասկածներն էլ անհիմն էր համարել, պնդել, թե մեկ միլիոն անտոկոս վարկը ստանալու պահին Վահե Հովհաննիսյանը պաշտոն չի ունեցել:
Գործընթացը նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է՝ իրենց կասկածները պահպանվում են, որ Վահե Հովհաննիսյանը մորեղբոր ընկերության իրական սեփականատերն է, պաշոտնն էլ ծառայեցնում է կազմակերպության շահերին:
«Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով իրենք փորձեն համոզել, որ դա իր քեռուն է պատկանում և ինքն այստեղ իրավաբանորեն կապ չունի, այդ ընկերությունը մինչև հիմա էլ իրեն պարտք է, 50 միլին դրամի չափ փոխառություն ունի իրեն տրված, այսինքն, ինքն այդ ընկերության նկատմամբ, միևնույն է, ունի շահագրգիռ վերաբերմունք, շահ ունի այդ ընկերությունից, որովհետև այդ ընկերությունն իրեն փող է պարտք: Ես կասկածում եմ, որ դա ուղղակի ձևական գործարք է եղել, անվանումն էլ է փոխվել այդ նպատակով, որպեսզի արհեստական հեռացնեն, բայց, բնականաբար, այդ փաստը հաջողվել է պարզել, ու մենք ներկայացրել ենք նաև իրավապահ մարմիններին», - ասաց փաստաբանը:
Մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ հարուցելու մասին որրևէ հայտարարություն չի արել:
Կբողոքարկի՞ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, կառույցից չեն արձագանքում:
Փաստաբան Արա Զոհրաբյանը կասկածի տակ է դնում նաև Հովհաննիսյանը պաշտոնավարման հարցը. - «Հիմա եթե վարչապետի չնովնիկը կոռուպցիոն ծրագրերի ռիսկերի մեջ է, լուրջ խնդիր է առաջանալու այս պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման համար, որովհետև միջազգային կառույցներում երբ որ ինքը հայտնվեց, էս փաստերը ի վերջո այդ կառույցներն էլ են տեսնում... Եթե վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, կպահի այս կոռուպցիոն ռիսկ պարունակող անձին, այս արարաքները, ապա, բնականաբար, ինքն էլ դրանից կտուժի»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա թիմից տարբեր պաշտոնյաներ են կոռուպցիոն դրվագներով հայտնվել մեղադրյալի աթոռին: Հեղափոխությունից մեկ տարի էլ չանցած մեղադրանք առաջադրվեց այն ժամանած ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանին, անցած տարի էլ մեղադրյալի աթոռին հայտնվեց «Քաղպայմանագրի» անդամ, Էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարած Վահան Քերոբյանը, վերջերս նաև նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
Ի դեպ՝ անցած տարի ՔՊ-ն ցանկանում էր բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել կուսակցական Ալեքսանդր Սիրունյանին, սակայն նրա անվան շուրջ կոռուպցիոն կասկածները պատճառ դարձան, որ Սիրունյանին չընտրեն: Հնարավո՞ր է ֆինանսների ոլորտը ղեկավարող Վահե Հովհաննիսյանն էլ պաշտոնանկ արվի այդ կասկածների պատճառով, առայժմ պարզ չէ: