Մատչելիության հղումներ

Վճարովի պետպատվե՞ր. ըստ փորձագետի՝ առողջապահական ոլորտը չի կարևորվել 2025-ի բյուջեում


Երկու անչափահաս երեխաների մայր Անժելան, որի անունն իր խնդրանքով փոխել ենք, «Ազատության»-ն ասաց՝ «պետպատվերից օգտվելու իրավունք ունենք, բայց հազվադեպ է հաջողվում»:

Երեխաների առողջական խնդիրները ստիպում են, որ 6 ամիսը մեկ պոլիկլինիկայի ուղեգրով հիվանդանոցներ գնա, բայց դա էլ չի օգնում, որ չվճարի: Ասում է՝ Առողջապահության նախարարության թեժ գիծ էլ է զանգահարել՝ ոչ մի օգուտ:

Շուրջ 600 հազար քաղաքացի ընդգրկված է «սոցիալապես անապահով և առանձին խմբերի» կատեգորիայում: Որ նրանք անվճար բժշկական օգնություն ստանան, թե՛ այս և թե՛ հաջորդ տարվա համար ավելի քան 38 միլիարդ դրամ է հատկացվել:

«Սա հավասար է այս տողով բյոջեի կրճատման», - ասում է՝ առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որն ուսումնասիրել ու համեմատել է ոլորտի այս ու եկող տարվա բյուջեն: Հիշեցնում է՝ ամենախոցելի այս խմբի անվճար բուժօգնության համար, միայն նախորդ տարի երկու անգամ բյուջեն ավելացնելու կարիք է եղել, այսինքն՝ 2024-ի տարեսկզբին հատկացված գումարը չի բավարարել, պետպատվերը սպառվել է: Այս խմբի քաղաքացիներն, ըստ նրա, 2025-ին էլ կբախվեն նույն խնդիրներին:

Ըստ Վարդանյանի՝ թեև նախորդ տարվա համեմատ, առողջապահության 2025-ի բյուջեն 8.5 տոկոսով ավելացել է, այդուհանդերձ էական ավելացումներ չկա: Ծաղիկ Վարդանյանը, որ շուրջ 5 տարի ղեկավարել է կառավարության հատկացրած գումարները բուժհաստատություններին բաշխող կառույցը՝ ՊԱԳ-ը, ներսից գիտի, թե ինչպես է ձևավորվում բյուջեն: Տպավորություն ունի, որ կարևոր մի շարք ծրագրեր նախարարությունը որոշել էր իրագործել առողջապահական ապահովագրության համար նախատեսված 18 միլիարդ դրամի շրջանակներում, բայց չի կարողացել ֆինանսներ նախարարությանը համոզել, որ 2023-ից խոստացվող համակարգը, գոնե մյուս տարի սկսի գործել։

Թե ինչպե՞ս է բյուջեն կազմվել, որտեղ ավելի քան 11 միլիարդ մնացել է չբաշխված, Վարդանյանի կարծիքով, թերի հաշվարկի հետևանք է: Այս հարցն անգամ իշխանական պատգամավորներին է հետաքրքրել, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ բացատրել էր. - «11,1 միլիարդ դրման այլ չբաշխված տողով է գնացել, օֆերտայի համակարգի ֆինանսավորման համար, հետագայում մենք իրան արդեն կբաշխենք ըստ ուղղությունների»:

Որ 2025-ի բյուջեն երազանքների բյուջեն չէ՝ նաև նախարար Անահիտ Ավանեսյանն է ընդունում, բայց համաձայն չէ այն կանխատեսումների հետ, թե եկող տարվա բյուջեով էական գործ չեն անելու: Հիշեցնում է՝ ապահովագրության համար հատկացված 18 միլիարդից է տարվա ընթացքում շուրջ 8 միլիարդ վերաբաշխումներն արվել: Ավելի քանի 12 մլրդ դրամ ուղղվելու է 13 ԲԿ-ների շինարարության շարունակությանն ու վերազինմանը, 4 բժշկական կենտրոն, 19 ամբուլատորիա, ութ պոլիկլինիկա կկառուցվի, 1-ը կվերանորոգվի և այլն։

Առողջապահության նախարարությունից բանավոր փոխանցեցին, չվերաբաշխված ավելի քան 11 միլիարդ դրամից ամենախոցելի խմբին՝ սոցանապահովների բուժօգնության համար ուղղված գումարներն արդեն վերաբաշխել են՝ 38,6 միլիարդից դարձնելով 47,6 միլիարդ: Ծաղիկ Վարդանյանն էլ հարցնում է՝ ո՞ւր է դրա հաստատումը, չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG