Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հետաձգել է Վրաստանում հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը նախատեսված ամենամյա զորավարժությունները


Վաշինգտոնը անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը նախատեսված "NOBLE PARTNER" ամենամյա զորավարժությունները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Այս վարժանքները Վրաստանում անցկացվում են 2016 թվականից։

«"NOBLE PARTNER" զորավարժությունները հետաձգելու որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին վրացական կառավարության կեղծ մեղադրանքներով, թե փորձ է արվում Վրաստանին ճնշել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար», - հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը։

Միաժամանակ Պենտագոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Վրաստանի պաշտպանության ուժերի հետ, քանի որ Վաշինգտոնը ձգտում է «շարունակել ամրապնդել Վրաստանի կարողությունները՝ պահպանելու և պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Պաշտոնական Թբիլիսին ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջազգային զորավարժություններից շահում է ինչպես Վրաստանը, այնպես էլ ԱՄՆ -ն և դրանց մասնակից գործընկեր երկրները, «քանի որ դրանք նպաստում են պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ռազմական անձնակազմի կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի, փոխգործունակության բարձրացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG