ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կա'մ ազատ կարձակվի, կա'մ կշարունակի կալանքի տակ մնալ: Լաս Վեգասի դատարանը երեկ քննել է շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
«Նախագահող դատավորը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք ազատության մեջ հայտնվելու է Վարդան Ղուկասյանը, թե՞ շարունակելու է մնալ անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը: Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն առաջիկայում հրապարակի Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հարցի շուրջ որոշումը:
Նախկին ռազմական ոստիկանի շահերը պաշտպանող չորս ամերիկացի փաստաբաններից բաղկացած պաշտպանական խումբը երեկվա դատական նիստի ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու՝ Հայաստանի իշխանությունների միջնորդության վերաբերյալ:
Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց նիստից: Մասնավորապես, ըստ նրա, պաշտպանական կողմն ամերիկացի դատավորին ներկայացրել Հայաստանում հարուցված քրեական գործի և մեղադրանքների ոչ իրավաչափ լինելու մասին իրենց փաստարկները, խոսել ԴՕԿ կուսակցության ղեկավարի դեմ իրականացվող «քաղաքական հաշվեհարդարի» և արտահանձնման դեպքում «նրա կյանքին սպառնացող վտանգների» մասին:
«Նման դեպքում իրավամբ դատարանը պետք է նաև տա դրա գնահատականը, որովհետև էսօր որոշակի կոռուպցիոն սխեմաներով, Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, և ուղղակի մեղադրանքներով՝ տակը դնելով որոշակի փաստեր, նախկին և այսօրվա գործող պետական լիազոր մարմինների կատարած, այսպես ասած, առերևույթ հանցագործությունների մասին, և դա իրենց արդեն որոշակի ռիսկ է, և նման դեպքում, բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, արտահանձնել Վարդան Ղուկասյանին Հայաստան՝ այն հղի է բավականին մեծ ռիսկերով», - ասաց Բաղդասարյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, օրերս հակադարձելով այս պնդումներին, վստահցերել էր՝ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին․ - «Հա, ի՞նչ, քիչ մարդ ա՞ հայհոյում»։
ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղքը սակայն չի ընդունում:
Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռացած դատավորը կոնկրետ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակի որոշումը: Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, թե ամերիկյան օրենսդրության համաձայն՝ եթե կոնկրետ ժամկետ չի նշվում, ապա որոշումը հրապարակվում է մեկ-երկու օրվա ընթացքում․ - «Ողջամիտ ժամկետը պետք է լինի 24 ժամվա ռեժիմով՝ մինուս-պլյուսով»։
Հաշվի առնելով պաշտպանական կողմի՝ երեկ ներկայացրած փաստարկները և դրանց՝ դատավորի արձագանքը, ի՞նչ ակնկալիքներ ունեն փաստաբանները, արդյոք Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի։
«Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են, մեկ ժամ շուտ որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը՝ ազատության մեջ», - նշեց Լևոն Բաղդասարյանը։
Ի դեպ, թեև Լաս Վեգասի դատարանն իր որոշումը դեռևս չի հրապարակել, սակայն երեկ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարություն տարածեց հաղթանակի մասին՝ տեղեկացնելով «դատական նիստի դրական արդյունքների» վերաբերյալ: