Գյումրիի նախկին քաղաքապետ, Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով: Դատախազությունից հաստատեցին տեղեկությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ վարույթը հարուցվել է Քննչական կոմիտեում:
Ընտրություններից 4 օր առաջ իշխանական լրատվամիջոցները առաջինը տարածեցին ձայնագրությունը՝ առանց ներկայացնելու, թե որտեղից է այն իրենց ձեռքում հայտնվել:
Դրանում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում: Ձայնագրության մեջ նաև կոպիտ ու հայհոյախառն արտահայտություններ կան: Ինքը՝ Ղուկասյանը, ուղիղ չի հերքում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է 1-ից մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` 2-ից հինգ տարի ժամկետով: