Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԱՄՆ սենատորը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն և ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումներին:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ նրանք մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը:

Փաշինյանն ու Ռոջեր Վիքերն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ից 5-ը կլինի Հայաստանում:

Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Նա նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։

Պատվիրակության կազմում 7 հոգի են, այդ թվում՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG