Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակի մայրը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թեկնածուների թվում


Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, արխիվ
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, արխիվ

Վարչապետի խոսնակի մայրը Հանրային հեռուստաընկերությունը և ռադիոն վերահսկող խորհրդի անդամի թեկնածու է, ու մամուլը գրում է՝ արդեն պարզ է ով կհաղթի։ Փորձագետներն ահազանգում են՝ Փաշինյանի մամուլի քարտուղարի մայրը լինելու հանգամանքն ազդելու է մրցույթի արդյունքի վրա։

«Այս ամենը կարող է ունենալ բավականին տհաճ հետևանքներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։

Մարգարիտա Մինասյանը Գյումրիում գործող «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենն է , դուստրը՝ Նազելի Բաղդասարյանը, մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար նշանակվեց, ավելի վաղ Շիրակի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում։

Ընտանիքի անդամի համար ճանապարհ հարթելու, ձևական մրցույթ անցկացնելու մեղադրանքներին ո՛չ մայրը, ո՛չ դուստրն առայժմ չեն արձագանքել։

Մինասյանը հարցերին պատասխանել դեռ չի ուզում, միայն ասում է՝ ինքը Հայաստանի քաղաքացի է և իրավունքներ ունի, խոստանում է՝ կխոսի մրցույթի ամփոփման օրը։

Նազելի Բաղդասարյանը նույնպես լուռ է։ «Ազատություն»-ը նրան հարցրել է՝ չի՞ կարծում, որ իր դիրքը Կառավարությունում կարող է վճռորոշ դեր խաղալ, խնդիր չի՞ տեսնում իր մայրիկի հավակնություններում, ընտանիքում քննարկե՞լ են այս հարցերը։ Պատասխան առայժմ չենք ստացել։

Նման քայլերը նվազեցնում են այս ինստիտուտների հանդեպ վստահությունը, մարդիկ էլ դադարում են հավատալ, որ խնամի-բարեկամ համակարգն արդեն անցյալում է, ընդգծում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը։

Նման հարցեր ուսումնասիրելու բազմամյա փորձ ունեցող Հոկտանյանն ասում է՝ տվյալ դեպքում մրցույթը պետք է կազմակերպվի այնպես, որ բացառվի կողմնակալությունը, սակայն Հայաստանում նման կարգավորումները դեռ չեն գործում. - «Եթե քաղաքակիրթ մոտեցումներով մոտենանք, պետք է որ լիներ բավականին լուրջ մրցույթ և լուրջ արգելող, այսպես ասած, մեխանիզմներ, որոնք թույլ չէին տա, որպեսզի, ասենք, այդ բարեկամ, հարազատ լինելը դեր խաղար»:

Թափուր տեղի բոլոր թեկնածուները կանայք են՝ սա օրենքի պահանջ է։ Նրանց շարքում և՛ հեռուստատեսության, ռադիոյի դեմքեր կան, և՛ այլ ոլորտների ներկայացուցիչներ։

PR մասնագետ Քնարիկ Առաքելյանը, որը տարբեր կազմակերպություններում լրատվամիջոցների հետ աշխատանքն է համակարգում, ասում է՝ պատահմամբ, Ֆեյսբուքում է մրցույթի հրավերը տեսել ու որոշել ուժերը փորձել։ Հավատո՞ւմ է, որ արդար ընտրություն է լինելու. - «Նման մտավախություն չունեմ, եթե չհամարեի և չհավատայի արդար ընտրությանը, վստահաբար՝ չէի դիմի», - «Ազատությանն» ասաց թեկնածուն:

Հեռուստատեսությունում և ռադիոյում ամենատարբեր հաղորդումների հեղինակ, ֆիլմերում նկարահանված Զառա Արամյանը նույնպես խնդիր չի տեսնում. - «Ինքը, եթե իր դստրիկը վարչապետի խոսնակն է, իրավունք չունի՞ իր ճանապարհը նաև շարունակելու կամ ուղղությունը փոխելու»: Արամյանը համոզված է, որ անաչառ քվեարկություն կլինի, ասում է՝ ընտրվելու դեպքում սիրով կաշխատի: Իսկ չե՞ն խանգարի կարգավորող մարմնի շուրջ իրար հերթ չտվող սկանդալները. - «Ես չեմ կարծում, որ Հանրային խորհրդի անդամները, իրենք էսպես գլուխները կախ, իրենց ինչ ասում են՝ իրենք անում են: Լավ էլի, ժողովուրդ ջան, մի փնտրեք սև կատու սենյակում, որ ինքը չկա այդտեղ», - հարցին արձագանքեց Զառա Արամյանը:

Մեկ այլ թեկնածու՝ արվեստի պատմություն հետազոտող Իրինա Շախնազարյանը, խոսել չցանկացավ, ասաց՝ հարցերին պատասխանել չի կարող։ Հեռուստաընկերությունում աշխատած Նունե Էլմասյանը ևս հարցազրույց տալ չցանկացավ։ Մյուս երկու թեկնածուները՝ Էլմիրա Արսենյանն ու Օֆելյա Ասատրյանը, «Ազատության» նամակներին չարձագանքեցին։

Թեկնածուներին վաղը հարցազրույցի են հրավիրել, հաջորդն օր էլ մրցութային հանձնաժողովը որոշում կկայացնի։ Ամբողջ գործընթացը պետք է թափանցիկ լինի, ուղիղ հեռարձակումներով, շեշտում են փորձագետները։

Խորհրդի թափուր տեղի մրցույթը հաջորդում է Հանրային ռադիոյի նոր տնօրենի ընտրության աղմկահարույց գործընթացին։ Նախկին ղեկավար Գարեգին Խումարյանը ձմռանը վարչապետ Փաշինյանին էր քննադատել, նույն այս խորհուրդն այդ ժամանակ պնդեց՝ նա առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Հետո լրացավ Խումարյանի պաշտոնավարման ժամկետը, ընտրություններում, սակայն, խորհրդի 6 անդամներից և ոչ մեկը նրա օգտին չքվեարկեց։ Վերահսկող մարմնի ուղղությամբ իշխանությունների պատվերը կատարելու մեղադրանքների իսկական տեղատարափ էր։

Խորհուրդը 7 անդամ պետք է ունենա, հենց այդ մեկ տեղի համար են դիմել թեկնածուները։ Տեղը թափուր է հունիսից, երբ առանց բացատրությունների հրաժարական տվեց հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների՝ իշխանահաճո լինելու մեղադրանքների ու շարունակական սկանդալների ֆոնին անկախ լրագրողական կազմակերպություններն առայժմ չեն արձագանքել՝ արդյոք խնդրահարույց չեն համարում վարչապետի խոսնակի մոր մասնակցությունը մրցույթին։

XS
SM
MD
LG