Մատչելիության հղումներ

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով


Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով:

Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով: Նրա երկամսյա կալանքի ժամկետը մեկ անգամ երկարացվել էր: Փաստաբանների հերթական միջնորդությունն այս անգամ դատարանը բավարարել ու նրա խափանման միջոցը փոխել է:

Քանի որ դատարանը կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյայի հետ շփումները սահմանափակել է, հնարավոր չեղավ կապ հաստատել նրա հետ: Փաստաբան Արեն Մնացականյանն էլ հրաժարվեց մեկնաբանությունից, ասաց՝ նախընտրում են չխոսել դատաքննության փուլում:

Նույն գործով մեղադրվում են նաև վանաձորցի գործարարներ Բագրատ Դարբինյանը, Ռուբեն Հովհաննիսյանն ու Կամո Գևորգյանը: Դատական գործի հակիրճ նկարագրության մեջ նշված է, որ Ռուբեն Հովհաննիսյանը մեկ միլիոն դրամի, Բագրատ Դարբինյանը՝ 3 միլիոն դրամի, իսկ Բազում գյուղի բնակիչ Կամո Գևորգյանը՝ 20 հազար դոլարի կաշառք են տվել համայնքապետարանի պաշտոնյային: Ըստ դատական գործի՝ նրանց ու ճարտարապետի համար միջնորդ է եղել «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Մարգարյանը, որը նույնպես մեղադրյալ է։ Բացի ճարտարապետից, մյուս մեղադրյալները հեռանալու արգելքով ազատության մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG