Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը


Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Ստեֆան Սեժուրնե, արխիվ
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Ստեֆան Սեժուրնե, արխիվ

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Անի Բադալյանի հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն:

«Այցը ուղերձ է հայերին Ֆրանսիայի աջակցության ցուցադրության առումով»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում հիմա երկու պատճառով՝ «նախ, սա Հայաստանին Ֆրանսիայի դիվանագիտական աջակցության վերջին դրսևորումն ու ցուցադրությունն է»:

«Երկրորդը՝ խոսքը միայն Հայաստանին ուղերձի մասին չէ, այլ նաև Ադրբեջանին։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական գագաթնաժողովին։ Սա նաև ուղերձ է Մոսկվային և Բաքվին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մենք ակնկալում ենք, որ գուցե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստան գա Հայաստանի Անկախության օրվա տոնակատարության օրերին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Կիրակոսյանը:

Ստեֆան Սեժուրնեի երկօրյա այցը, սակայն, Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, որ նախօրոք ծրագրված էր․ - «Եվ իրականում պարտադիր չէ, որ այն կապված լինի նախագահ Մակրոնի հնարավոր այցի հետ՝ ոչ իբրև այդ հնարավոր այցի նախապատրաստում, ոչ էլ դրան փոխարինող: Այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացման հիմքերն ապահովելուն և նախապատրաստելուն»:

Այցն, ըստ փորձագետին, նախևառաջ ուղերձ է հայերին Ֆրանսիայի աջակցության ցուցադրության առումով․ - «Սա նաև ուղերձ է տարածաշրջանին, որ Վրաստանը կորցնում է իր նշանակությունը, քանի որ նա նահանջում է ժողովրդավարությունից»:

«Եվ սա խոսում է նաև Ադրբեջանի աղաղակող պահվածքի նկատմամբ ավելի քիչ հանդուրժողականության մասին։ Եթե ֆրանսիական տեսանկյունից նայենք Ադրբեջանը վերջերս է Ֆրանսիայի քաղաքացուն դատապարտել շատ խիստ բանտարկության՝ փչացնելով և թունավորելով հարաբերությունները: Այսպիսով, եթե Մակրոնը գա, ամենայն հավանականությամբ այցը կլինի միայն Երևան, ինչն իր հերթին ևս մեկ ուղերձ է», - ընդգծեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG