Մատչելիության հղումներ

«Շատ սիրեցի էս գործը, էստեղ անսահմանություն է». վաղատուրցի Բադամյան քույրերն ու մեղվաբուծությունը


Գնալ քաղա՞ք, թե՞ մնալ գյուղում. Բադամյան քույրերն արդեն կատարել են իրենց ընտրությունը. Սյունիքի սահմանամերձ Վաղատուրում հոր հետ մեղվաբուծությամբ են զբաղվում։

«Ավելի լավ է էսպիսի գործերով զբաղվել ու ցույց տալ, որ սահմանը սկսվում է գյուղից, և հայրենիքը սկսվում է սահմանից», - ասաց Վաղատուրի բնակիչ Աննա Բադամյանը:

Մեղվաբույծ քույրերից ավագը՝ Աննան, զբոսավարի մասնագիտություն ունի, կրտսերը՝ Սյուզաննան, ապագա ֆինանսիստ ու բանկային մասնագետ է, սակայն երկուսն էլ կոկիկ գրասենյակներում աշխատելու մտադրություն չունեն։ Բադամյան քույրերն ասում են՝ իրենք դեռ փոքր տարիքից հեռվից հետևել են մեղուների հետ աշխատող իրենց հորը ու ժամանակի ընթացքում սովորել մեղվաբուծության գաղտնիքները։

«Ու շատ սիրեցի էս գործը, ինչպես նաև սիրում եմ էս գործը։ Սիրում եմ բնությունը, սիրում եմ ազատություն, ու գրասենյակային աշխատանքը ընդհանրապես ինձ համար չի, որովհետև ես ձանձրանում եմ փակ տարածությունից ու սահմաններից։ Իսկ էստեղ անսահմանություն ա», - նշեց Սյուզաննա Բադամյանը:

44-օրյա պատերազմից հետո Վաղատուրի արոտավայրերն ու խոտհարքների մեծ մասը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղը սահմանին մոտ է: Հիմա այստեղ անասուն պահելն այլևս անվտանգ չէ. - «Մեղուն այն բիզնեսներից մեկն է, որ դու իրեն չես հետևում՝ դաշտից տուն բերել և այլն»:

Բադամյանների անուշահամ արտադրանքը իր տեղն ունի հայկական շուկայում։ Հիմա նույնիսկ ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու եվրոպական երկրներից պատվերներ ունեն։

Զբոսավարն ու ապագա ֆինանսիստը գյուղը ապրեցնելու նոր պլաններ են գծում։ Նախատեսում են գյուղում զարգացնել ագրոտուրիզմը, սակայն գյուղ բերող ճանապարհները անմխիթար վիճակում են։ Հույս ունեն՝ զբոսաշրջիկներին գյուղ բերելու գաղափարը կիրագործեն, եթե պաշտոնյաների խոստացած ճանապարհը կառուցվի։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG