Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին անդրադարձել է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծման 70-րդ տարելիցին՝ կապելով դրա ազդեցությունը Իրանի հետ կնքված միջուկային գործարքի կարևորության հետ:
«Կարիք չկա ասելու, որ Հիրոսիման շատ և շատ հզոր հիշողություն է ոչ միայն պատերազմի դասերի և մարդկանց ու երկրների վրա ազդեցության առումով, այլ նաև ընդգծում է Իրանի հետ մեր ձեռք բերած համաձայնագրի կարևորությունը՝ կրճատելու համար ավելի շատ միջուկային զենքերի առաջ գալու հավանականությունը», - հայտարարել է նա:
Հինգշաբթի օրը Քերրին այս մասին խոսել է իր գործընկերոջ՝ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Քիշիդայի հետ հանդիպման ընթացքում: Այն կայացել է Հարավարևելյան Ասիայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ՝ Մալայզիա ժամանած տարածաշրջանի և աշխարհի երկրների ղեկավարների հետ հանդիպումների շրջանակում:
Երեկ ավելի ուշ Քերրին ավարտեց ասիական հինգ երկրներ այցելությունները Վիետնամ ժամանելով, ուր մասնակցեց ԱՄՆ-ի ու Վիետնամի միջև կապերի վերահաստատման 20-ամյակին նվիրված արարողություններին:
Չինաստանի կողմից Հարավ-Չինական ծովում կղզիների կառուցման հակասական ծրագիրը, որը բախվում է այդ երկրի որոշ հարևանների նմանատիպ նկրտումներին, քննարկման կենտրոնական հարցն էր Կուալա Լումպուրում կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարը բոլոր կողմերին կոչ արեց թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ հետագա տարածքային պահանջներից, ռազմականացումից ու վիճելի գոտու կառուցապատման ծրագրերից: «Այսօր մի շարք պահանջատեր երկրներ պարզորոշ արտահայտեցին իրենց ցանկությունը՝ ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից: Ուստի սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ակնհայտ է, որ դեռ աշխատանք կա անելու, քանզի ոչ մի պահանջատեր երկիր չի դադարեցնի իր գործողությունները, եթե մյուսները անտեսեն այս կոչն ու շարունակեն այդ քայլերը», - հայտարարեց Քերրին՝ հավելելով, որ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան սադրիչ գործողություններից ու հետամուտ լինեն իրենց նկրտումներին միջազգային իրավունքի շրջանակում:
Պետքարտուղարը շեշտեց, որ ԱՄՆ-ը կարևոր շահեր ունի Հարավ-Չինական ծովում, շահեր՝ վիճահարույց հարցերի կարգավորման եղանակների առումով: Ըստ նրա, ԱՄՆ-ը կշարունակի քայլեր ձեռնարկել՝ աջակցելու տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, պահպանելու միջազգային իրավունքը և պաշտպանելու իր շահերը:
Չինաստանը արհեստական կղզիներ է ստեղծում այն միջազգային ջրերում, ուր Վիետնամը, Մալայզիան, Թայվանն ու Ֆիլիպինները ունեն միմյանց հակադարձ շահեր:
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարար Ուոնգ Յին ասել է, որ իր երկիրը կանգնեցրել է նոր հողատարածքների ստեղծման գործընթացը հակասությունների գոտում: