Միացյալ Նահանգներն ու Իրանն այժմ ունեն Իրաքում իսլամիստ զինյալների առաջխաղացումը դադարեցնելու միասնական նպատակ: Փորձագետները, սակայն, պնդում են, որ Թեհրանը, այլ ոչ թե Վաշինգտոնը, կունենա ամենամեծ ազդեցությունը Բաղդադի կողմից իրականացվելիք ներքին բարեփոխումների հետագա ճակատագրի վրա:
«Իսլամական պետության» դեմ ուղղված ԱՄՆ-ի հարձակումները օգնել են Իրաքի զինված ուժերին վերականգնել վերահսկողությունը երկրի խոշորագույն ամբարտակի նկատմամբ:
«ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտից» վերլուծաբան Սթիվ Հեյդերմանի կարծիքով, իսլամիստ զինյալներին Իրաքից դեպի Սիրիա մղելուն ուղղված գործողությունները ավելի մեծ ջանքեր կպահանջեն Բաղդադի կառավարությունից:
«Միացյալ Նահանգները հստակ նշել է, որ «Իսլամական պետության» խնդիրը համարվում է Իրաքի կենտրոնական կառավարության խնդիր», - ասում է նա:
Ըստ վերլուծաբան Հայդեմանի, Իրաքում այժմ առկա իրավիճակի ստեղծմանը նպաստել է Իրանը:
«Իրանի համար կարևոր չէ, թե շիաներից ով է զբաղեցնելու Իրաքի վարչապետի պաշտոնը: Իրանը շարունակելու է մեծ դերակատարություն ունենալ Իրաքում իրավիճակի ձևավորման վրա» - ասում է նա:
Որոշ կարծիքների համաձայն, «Իսլամական պետության» խնդիրը կարող է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմանը: Բահրեյնում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էդամ Էրելին այնուամենայնիվ նշում է, որ ընդհանուր այս խնդիրն ինքնին չի նպաստի Միացյալ Նահանգների և Թեհրանի միջև առկա հիմնարար տարաձայնությունների հաղթահարմանը:
«Իրանը հետևողականորեն վարում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ թշնամական քաղաքականություն», - ասում է նա:
«Իսլամական պետության» դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև Իրաքի սունիներին և քրդերին Բաղդադի նոր կառավարությանը սատարել համոզելու համար Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդեր ալ-Աբադիին անհրաժեշտ կլինի ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի աջակցությունը: