Գալիք մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գործողություններ կձեռնարկի` անդրադառնալու համար Միացյալ Նահանգներում առանց համապատասխան փաստաթղթերի բնակվող միլիոնավոր ներգաղթյալների իրավիճակի կարգավորմանը:
Այս լուրերը մեծ ոգևորությամբ են ընդունել ներգաղթյալների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները, միաժամանակ, դրանք դատապարտության են արժանացել նրանց կողմից, ովքեր նախագահի գործողությունները իրավազանցներին համաներում շնորհել են համարում:
Օբաման արդեն իսկ խոստացել է դիմել գործողությունների և նոր ջանքեր գործադրել` բարելավելու համար ներգաղթի համակարգն ինքնուրույն, առանց Կոնգրեսի: «Մենք, ի տարբերություն Կոնգրեսի, կկատարենք մեր պարտականությունները», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը:
Նման քայլին կտրուկ դեմ են հանդես գալիս հանրապետականները: Այսպես, հանրապետական սենատոր Ջեֆ Սեշնզը նշել է, որ նախագահը պետք է ի կատար ածի Կոնգրեսի կողմից ընդունվող օրենքները: «Նախագահը չունի օրենսդրական լիազորություններ և օրենքին հակառակ գործողությունների դիմելու իրավունք», - պնդում է նա:
Կենտրոնամերիկյան պետություններից տասնյակ հազարավոր դեռահասների ներհոսքը, բացի այդ, ծանրաբեռնել է ԱՄՆ-ի պետական հաստատությունները` միաժամանակ առաջացնելով այն նահանգների պաշտոնյաների անհանգստությունը, ուր տեղափոխվում են երկիր ներթափանցած դեռահասները:
Կոնգրեսը գնացել է արձակուրդի` չընդունելով Միացյալ Նահանգների ներգաղթի համակարգի բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենքները: Ամերիկացի օրենսդիրներն այս ընթացքում շարունակում են մեղադրել միմյանց՝ ստեղծված իրավիճակի համար:
Հանրապետական սենատոր Ջոն Քորնիի համաձայն, նախագահ Օբաման, խոստանալով չկիրառել ներգաղթային օրենսդրությունը, ըստ էության խրախուսել է երեխաներին և նրանց ծնողներին դիմել վտանգավոր ճանապարհորդության:
Դեմոկրատներն արձագանքում են` մեղադրելով հանրապետականներին ներգաղթի հարցում որևէ գործողությունների դիմելու ցանկության բացակայության մեջ:
«Շատ ավելի հեշտ է պարզապես չանել ոչինչ, ապա ասել, որ դա նախագահի մեղքն է», - նշել է դեմոկրատ սենատոր Փեթրիք Լիհին:
Նման մթնոլորտում, ըստ «Բրուքինգս» ինստիտուտի վերլուծաբան Թոմաս Մանի, նախագահ Օբաման, դիմելով ինքնություն գործողությունների, շատ բան չունի կորցնելու:
Փորձագետի համոզմամբ՝ Օբամայի ձեռնարկած որևէ գործողություն չի գոհացնի հանրապետական ընդդիմությունը:
«Եթե նախագահը դիմի նման քայլի, ապա պարզապես համոզված լինելով, որ եկել է անհապաղ գործելու ժամանակը», - ասում է Մանը: